երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը երբեք չի ցանկացել ՀԱՊԿ-ին ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշել. Փաշինյան

Հայաստանը երբեք չի ցանկացել ՀԱՊԿ-ին ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշել. Փաշինյան

Հայաստանը երբեք չի ցանկացել ՀԱՊԿ-ին ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշել, սակայն, եթե խախտվում է անդամ երկրի տարածքային ամբողջականությունը, ագրեսիա է տեղի ունենում այդ երկրի նկատմամբ, կազմակերպության լրջությունն այդ ժամանակ է երևում: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևոր է արձանագրել, որ այն, ինչ ակնկալել ենք ՀԱՊԿ-ից, երբեք էլ առաջին հերթին ռազմական միջամտության մասին չի եղել: Հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ՀԱՊԿ-ին փորձել ենք ներքաշել պատերազմի մեջ և դրանով վատ վիճակի մեջ ենք դրել մեր գործընկերներին: Ընդ որում, մենք գործել ենք այնպես, ինչպես ՀԱՊԿ-ի փաստաթղթերը նախատեսում են: Մենք առաջին հերթին քաղաքական դիրքորոշում ենք ակնկալում»,-նշեց նա:

Հարցը, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանը ՀԱՊԿ-ին 2021-ի մայիսից առաջ չի տվել, տվել է 2021-ի մայիսի իրադարձություններից հետո: Ըստ վարչապետի՝ երբ այդ հարցի հստակ պատասխանը հնչեր, այլևս երկրորդ, երրորդ հարցեր չէին առաջանալու, քանի որ ամեն ինչ նախատեսված մեխանիզմներով աշխատելու էր: Հայաստանն ակնկալել է քաղաքական դիրքորոշում:

Փաշինյանը սա կարևորեց նաև միջնորդության առումով:

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է նաև այն երկրների միջնորդությունն ընդունել, որոնք այս սկզբունքները ճանաչում են: Պատրաստ չէ ընդունել նրանց միջնորդությունը, որոնք չեն ճանաչում, որովհետև դա բազում խնդիրներ է առաջացնելու:

«Մենք երբեք չենք ուզել ՀԱՊԿ-ին ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշել: Բայց նաև ուզում եմ ասել, որ հավաքական անվտանգության իմաստն այն է, որ, եթե պայմանագրով նախատեսված իրադարձություն է տեղի ունենում, այդ պայմանագրի լրջությունն այդ ժամանակ է երևում: Եթե անդամ երկրի տարածքային ամբողջականությունը խախտվել է և ագրեսիա է տեղի ունեցել այդ երկրի նկատմամբ, այդ ժամանակ է երևում այդ կազմակերպության լրջությունը, թե այդ կազմակերպությունն իրոք նվիրվա՞ծ է այդ սկզբունքին, թե՞ ոչ: Մենք չենք ասել՝ եկեք ռազմական ճանապարհով խնդիր լուծելու: Մենք ասել ենք՝ դիվանագիտական և քաղաքական գնահատական տվեք: Առաջարկել ենք, որ լինի թեզ, որ ՀԱՊԿ-ն կօգտագործի բոլոր քաղաքական ու դիվանագիտական մեխանիզմները՝ խնդիրը լուծելու համար: Այս երկու կետի շուրջ է, որ համաձայնություն չի եղել»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: