հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Հայաստանը չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որով կխախտվի ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թովմասյանը՝ Բելգիայի խորհրդարանականներին

Հայաստանը չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որով կխախտվի ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թովմասյանը՝ Բելգիայի խորհրդարանականներին

Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի շրջանակներում հանդիպում ենք ունեցել Բելգիայի խորհրդարանականների՝ «Դեֆի» խմբի ղեկավար Էմանուել դե Բոքի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

՛՛Քննարկմանը նկարագրեցի Հայաստանում և Արցախում առկա իրավիճակը, ներկայացրի, որ ինչքան Հայաստանում խոսում ենք խաղաղության մասին, այնքան խաղաղությունը մեր տարածաշրջանից հեռանում է, ունենում ենք նոր զոհեր և գերեվարված անձինք, նոր տարածքային կորուստներ։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շուրջ 6-ամսյա շրջափակմանը՝ գործընկերներիս հայտնեցի, որ անհնար է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը վստահել Ադրբեջանին, որը յուրաքանչյուր օր իրականացնում է Արցախի էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականություն։

Բարձրացրի գերիների, անհետ կորածների և բռնությամբ տեղահանվածների խնդիրը, որն ունի հրատապ լուծման անհրաժեշտություն՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի։

Բարձրաձայնեցի նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման մասին՝ նշելով, որ Հայաստանը չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որով կխախտվի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այս համատեքստում միաժամանակ բացառեցի Հայաստանի կողմից այնպիսի փաստաթղթի ստորագրումը, որը կխոչընդոտի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, քանզի Արցախի ժողովրդի ինքնորոշումը հրամայական է։

Միաժամանակ ընդգծեցի Կոսովոյի օրինակով այս հարցում մեզ օժանդակելու անհրաժեշտությունը։

Պարոն Էմանուել դե Բոքն իր խոսքում նշեց, որ այցելել է Եռաբլուր, Արցախյան պատերազմից հետո եղել է Ստեփանակերտում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի դպրոցում: Տեղեկացա, որ Բրյուսել վերադարձից հետո դպրոցի վերանորոգման նպատակով նույնիսկ գումար է հավաքել, ուղարկել:

Ի դեպ, պարոն Բոքը տեղյակ էր, որ արցախահայերը, ստիպված լինելով լքել իրենց տները և միաժամանակ ցանկանալով ամեն կերպ չթողնել դրանք ադրբեջանցիներին, պարզապես այրել են իրենց տները։

Հանդիպման վերջում Բրյուսելի մեր գործընկերները խոստացան բարձրաձայնել Հայաստանին ու Արցախին առնչվող՝ մեր ներկայացրած բոլոր խնդիրները՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: