շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում սպասվող փոփոխությունների լույսի ներքո անհրաժեշտ է իմաստավորել և ամրապնդել ռուս-հայկական հարաբերությունները, ինչը կհանգեցնի հայ հասարակության ինքնավստահության բարձրացմանը իր պետականության ու ինքնիշխանության նկատմամբ. դեսպան

Հայաստանում սպասվող փոփոխությունների լույսի ներքո անհրաժեշտ է իմաստավորել և ամրապնդել ռուս-հայկական հարաբերությունները, ինչը կհանգեցնի հայ հասարակության ինքնավստահության բարձրացմանը իր պետականության ու ինքնիշխանության նկատմամբ. դեսպան

Ռուսաստանը շատ է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք ռազմավարական բնույթ են կրում ։ Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից կազմակերպված "Հայ-ռուսական ռազմավարական միության արդի հարցերը՝ ի դեմս առկա սպառնալիքների ու մարտահրավերների" Կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով, Հայաստանը շատ բարձր հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում, եւ նույնիսկ անցյալ տարի, երբ շփումները չափազանց բարդացել էին հայտնի իրադարձությունների պատճառով, այդ երկխոսությունը ոչ մի րոպե չի դադարել:

"Երկկողմ հարաբերությունների համար ուղենիշ հանդիսացան 2020թ. աշնանը տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները՝ ողբերգական թե հայ ժողովրդի, թե մեզ համար։ Եվ այս դժվարին պահին Ռուսաստանը, Հայաստանը, միևնույն է, միասին են եղել, իսկ շնորհիվ, առաջին հերթին, բարձր մակարդակով փոխգործակցության, հաջողվել է դադարեցնել ռազմական գործողությունները և շարունակել տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։ Ես կարծում եմ, որ այդ իրադարձությունները շատ հստակ կարեւորել են երկու երկրների հարաբերությունները",- նշել է դիվանագետը:

Կոպիրկինն ընդգծել է, որ այժմ ակտիվ աշխատանք է տարվում Արցախում վերականգնման, պատերազմի հետեւանքների վերացման ուղղությամբ, եւ Ռուսաստանը դրանում շատ մեծ ջանքեր է ներդնում ինչպես խաղաղապահ զորակազմի միջոցով, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման հարցում, ինչը թույլ է տալիս հանրապետության բնակիչներին վերադառնալ բնականոն կյանքին: Միաժամանակ, նա հիշեցրել է, աշխատանք է տարվում տարածաշրջանում տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ, ինչը "կհանգեցնի տնտեսական կյանքի կանոնակարգմանը":

Նա ընդգծել է, որ Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների ազդեցության ներքո զգացվում է ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հասարակական պահանջ, ինչը շատ կարեւոր ուղերձ է եւ հրամայական: "Կյանքը ցույց տվեց, որ դա պահանջված է եւ արդիական, քանի որ դրանից է կախված մեր երկրների տնտեսական զարգացումն ու անվտանգության ապահովումը", - ընդգծել Է դիվանագետը:

Հայաստանում սպասվող լուրջ փոփոխությունների լույսի ներքո Կոպիրկինն ընդգծել է ռուս-հայկական հարաբերությունների իմաստավորման եւ ամրապնդման կարեւորությունը, ինչը կհանգեցնի հայ հասարակության ինքնավստահության բարձրացմանը իր պետականության եւ ինքնիշխանության նկատմամբ: "Այս ամենը շատ կարեւոր նշանակություն ունի եւ խորը եւ օբյեկտիվ իմաստավորման կարիք", - ամփոփել է դիվանագետը:

Իր հերթին "Ինտեգրացիա և զարգացում" հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքագետ Արամ Սաֆարյանը հայտարարել է, որ եթե ընտրությունների նախօրեին Եվրասիական փորձագիտական ակումբը իր աշխատանքով կարողանա նպաստել Հայաստանում հայ-ռուսական հարաբերությունների առավել զարգացումը խթանող, մեր արտաքին քաղաքականության այդ ասպեկտը արդիականացնող մթնոլորտի ստեղծմանը, ապա կարելի է համարել, որ կազմակերպության աշխատանքը հաջողվել է:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: