երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանը լրջորեն է վերաբերում Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին․ դեսպան

Ռուսաստանը լրջորեն է վերաբերում Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին․ դեսպան

Ռուսաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի կյանքի կոչվեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։  Այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանի համոզմամբ՝ ռուսական կողմն ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացում առաջընթաց գրանցվի։

«Հենց այդտեղ ենք տեսնում երաշխիքները, որ էսկալացիաներ չեն լինի և կողմերը կգան համաձայնության, որը կբխի Հարավային Կովկասի բոլոր երկրների ու ժողովուրդների շահերից։ 

Մենք մշտապես շփման մեջ ենք գտնվում կողմերի հետ, ակտիվորեն առաջ ենք մղում խաղաղության օրակարգը, միջնորդական ծառայություններ ենք մատուցում»,- ասաց Կոպիրկինը։

ՌԴ դեսպանի պնդմամբ՝ այսօր Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ կոնտինգենտը լուծում է իր առջև դրված խնդիրները՝ նպաստելու համար իրադրության կարգավորմանը, այդ թվում և Լաչինի միջանցքի բացմանը։ Դիվանագետն ընդգծեց, որ ռուսական կողմը ջանք չի խնայում՝ խթան հաղորդելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին տարբեր ձևաչափերում՝ այդ թվում և տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի շրջանակում, խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ տարվող աշխատանքներում։ 

«ՌԴ-ն բազմիցս ասել է և կրկնում է հաստատակամորեն, որ մենք պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս հարցում։ Մենք նաև հանդես ենք գալիս հասարությունների միջև երկխոսության ակտիվացման օգտին

Աշխատանքը մշտապես տեղի է ունենում, մենք կողմերի հետ մշտական շփման մեջ ենք և հուսով ենք, որ այդ ջանքերը կտան արդյունքներ»,- ընդգծեց դեսպանը։ 

Կոպիրկինը հավաստիացրեց, որ Ռուսաստանը շատ լրջորեն է վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ «Ռուսաստանը լրջորեն է վերաբերում այն ամենին, ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ դաշնակցային իր պարտավորություններին և ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը, որ այստեղ հաստատվի խաղաղության, անվտանգության, զարգացման դարաշրջանը»,- հայտարարեց ՌԴ դեսպանը։ 

  • Կիսվել: