ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում գործարարներն այլևս հարկային վարաչարության քաշքշուկների մեջ չեն ընկնում․ Հակոբ Արշակյան

Հայաստանում գործարարներն այլևս հարկային վարաչարության քաշքշուկների մեջ չեն ընկնում․ Հակոբ Արշակյան

Ազգային ժողովը քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ ու փոփություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ այսօրվա դրությամբ, եթե ցանկացած որևէ գործարար, իրավաբանական անձ հայտնվում է հարկային հետաքրքրության տիրույթում, ապա այդ պրոցեսը չի կարող տևել ավելի քան երկու ամիս:

«Սա հնարավորություն էր տալիս գործարարներին, որ այս պատմությունը երկար չտևի. կամ հարկայինն այս երկու ամսվա մեջ կկարողանար հիմնավորեր, ներկայացներ վարչական ակտը, կամ, եթե 2-ամսյա ժամկետը խախտում էր, անձը կարողանում էր այդ վարչական ակտը բողոքարկելու միջոցով ստանար դրական արդյունք», - ասաց Վարդևանյանը:

Նա նշեց, թե հիմա ՊԵԿ-ն ասում է, որ երկու ամիս պետք է չլինի:

«Որովհտեև, եթե փորձաքննություն ենք ներկայացնում, փորձաքննությունը երկար է տևում, մի հատ էլ օրինակ է բերվում, օրինակ, գիտեք, եթե գործարարը ոչ բարեխիղճ է, կամ իրավաբանական անձն է ոչ բարեխիղճ: Ես կարծում եմ, որ կանխավարկածը միշտ պետք է լինի, որ հենց իրավաբանական անձն էլ, գործարարն էլ բարեխիղճ են, որովհետև, ի վերջո, բարիք են ստեղծում Հայաստանում. չի արտագաղթում, աշխատատեղեր է ստեղծում, այդ պայմաններում մենք ինչի՞ համար ենք փորձում ավելի դաժան պայմաններ ստեղծել», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Արձագանքելով Արամ Վարդևանյանին՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասաց, թե Հայաստանում հիմա բիզնեսմենները երջանիկ են:

«Այլևս հարկային վարաչարության քաշքշուկների մեջ չեն ընկնում, ինչպես նախկինում», - ասաց Արշակյանը:

  • Կիսվել: