ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ-ում, Արցախում կա ապագա. աշխատանքով, մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շենացնելով՝ հասնելու ենք այդ ապագային. վարչապետն այցելել է Վայոց ձոր (տեսանյութ)

ՀՀ-ում, Արցախում կա ապագա. աշխատանքով, մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շենացնելով՝ հասնելու ենք այդ ապագային. վարչապետն այցելել է Վայոց ձոր (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին, տնտեսության զարգացման հեռանկարներին և առաջիկա ծրագրերին:

Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին:

Դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է.

«Սիրելի ժողովուրդ,

շատ կարևոր է պատասխանել հարցին, թե ինչու ընկան մեր տղաները: Այդ հարցն ունի շատ հստակ պատասխան՝ որպեսզի Արցախի Հանրապետությունը կանգուն մնա: Եվ պետք է արձանագրենք, որ այո՛, Արցախը, թեկուզ վիրավոր, բայց կանգուն է: Եվ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն ընդհանրապես Արցախը վերացնելն էր որպես սուբյեկտ: Եվ մեր տղաների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ է, որ կարողացանք, այո՛, դժվար դիմակայել 44-օրյա պատերազմում: Այո՛, Արցախը վիրավորվեց, մենք բոլորս վիրավորվեցինք, խոցվեցինք, բայց, Արցախը կանգուն է, Հայաստանի Հանրապետությունը կանգուն է:

Եվ ուզում եմ վերջին շրջանի մի շարք իրադարձությունների վրա ձեր ուշադրությունը հրավիրել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի քանի օր առաջ հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ընդգծում էին Ղարաբաղի հարցի կարգավորման անհրաժեշտությունը՝ այսպիսով ընդգծելով հարցի չկարգավորված լինելը: Սա ինչո՞վ է կարևոր: Նրանով, որ Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե Ղարաբաղի հարցը լուծված է այլևս, որ Ղարաբաղի հարց չկա: Բայց համանախագահներն ընդգծեցին, որ հարցը պետք է կարգավորվի, ընդ որում կողմերին հայտնի սկզբունքների և էլեմենտների հիման վրա: Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ էլեմենտներից կարևորագույնն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ կարող ենք արձանագրել, որ միջազգայնորեն պահպանվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ու դա նաև մեր տղաների կյանքի և հերոսության գնով:

Եվ ես այս առումով ուզում եմ նաև անդրադառնալ մեր անվտանգության խնդիրներին, որովհետև շատ է հարց հնչում, թե ի վերջո Հայաստանի և Արցախի անվտանգությունն ինչ համակարգով պետք է պահպանվի: Հայաստանի և Արցախի անվտանգությունն այսօր հենված է և երեկ էլ է հենված եղել, այսօր առավել ևս հենված է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի, գործընկերության վրա: Եվ ուզում եմ ընդգծել, որ մեր անվտանգային համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, ինչի տրամաբանությամբ նշանակում է, որ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա:

Նաև Արցախում խաղաղապահ կոնտինգետի տեղակայումն անվտանգության էական երաշխիքներ է ավելացնում Արցախի համար: Բայց, այնուամենայնիվ, ես նաև ուզում եմ ընդգծել մի հետևյալ հանգամանք: Օրինակ՝ Ղարաբաղի 44-օրյա պատերազմի համատեքստում շատ է խոսվում այն մասին, թե ինչպիսին էր Ռուսաստանի դերը կամ ինչու այնպիսին չէր, որի շուրջ Հայաստանում ոմանք մտածում էին, որ այդպես պետք է լինի: Եվ այս համատեքստում ինչպե՞ս ենք մենք գնահատում հայ-ռուսական բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունը:

Իհարկե, հայ-ռուսական բարեկամությունը, գործընկերությունն ամուր է, ինչպես միշտ է ամուր եղել, ինչպես շարունակելու է ամուր մնալ: Ռուսաստանը մեր դաշնակից պետությունն է: Ռուսաստանը մեր եղբայր պետությունն է, բայց կրկին ուզում եմ արձանագրենք՝ Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին չէ և Ադրբեջանն էլ Ռուսաստանի թշնամին չէ: Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կատարել է իր բոլոր պայմանագրային պարտավորությունները, որովհետև անվտանգային այն մեխանիզմը, որն ունեցել ենք, տարածվել է Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս:

Իսկ թե ինչպիսին են Հայաստանի Հանրապետության սահմանները, այդ նկարագրությունը դեռևս տրվել է 2010թ. Հայաստանում ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Ուզում եմ, որ այդ նրբությունը դուք հաշվի առնեք՝ 2010թ. Հայաստանի Հանրապետությունում ընդունվել է օրենք՝ Վարչատարածքային բաժանման մասին, որտեղ ընդգծվել է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից արևելք Ադրբեջանի Հանրապետությունն է: 2010 թվականին: Ոչ թե Արցախի Հանրապետությունն է, այլ Ադրբեջանի Հանրապետությունն է: Արձանագրվել է, որ Կապան քաղաքից արևելք Ադրբեջանի Հանրապետությունն է, ոչ թե Արցախի Հանրապետությունն է, այլ Ադրբեջանի Հանրապետությունն է:

Ես այսօր պատերազմի մանրամասներին շատ չեմ անդրադառնա, որովհետև նախորդ օրը խորհրդարանում մի ամբողջ օր հարցուպատասխանի և ծավալուն ելույթի միջոցով այդ թեմային անդրադարձել եմ: Բայց ուզում եմ նաև ընդգծել՝ այո՛, իմ գնահատականն այն է, որ 44-օրյա պատերազմն անխուսափելի էր, որովհետև 2018թ. դրությամբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով զիջումների իմաստով, ըստ էության, հասել էր իր կարմիր գծերին և հատել էր այդ կարմիր գծերը: Այլընտրանք չկար, քան փորձել կանգնել և պաշտպանել մեր իրավունքը և պաշտպանել հայ ժողովրդի ու Արցախի ժողովրդի շահը:

Բայց ձեզ ավելին ասեմ՝ նույնիսկ, եթե մենք այդ զիջումների գնով փորձեինք գնալ խաղաղ կարգավորման, կրկին լինելու էր պատերազմ: Ինչո՞ւ, որովհետև միջնորդական շրջանակների միջև և տարածաշրջանում հակասություններն այնքան էին խորացել, որ չէր լինելու որևէ լուծում, եթե նույնիսկ Հայաստանն իր շահերին ոչ համապատասխան որևէ լուծման համաձայնվեր: Չէր լինելու որևէ լուծում, որին կհամաձայնեին այլ խաղացողներ: Եվ, հետևաբար, այս հակասությունների կոնտեքստում պատերազմը ծագելու էր անխուսափելիորեն:

Բայց հիմա գլխավոր հարցն է՝ ինչպե՞ս հաղթահարել այս պարտությունը, ինչպե՞ս հաղթահարել այս հարվածը: Իմ պատասխանը մեկն է՝ աշխատանքով, ստեղծարար աշխատանքով: Վայոց ձորի մարզի վարելահողերի 74 տոկոսը չի մշակվում, ժողովուրդ: Այդ 74 տոկոսը չի մշակվել 25-30 տարի: Դա նշանակում է՝ այդ 74 տոկոսի վրա արժեք չի ձևավորվել: Այդ արժեք չձևավորվելու հետևանքով պետական բյուջե այդքան քիչ եկամուտ է մտել, մարդկանց տներ, ընտանիքներ քիչ եկամուտ է մտել, այդքան թերֆինանսավորվել է բանակը, այդքան թերֆինանսավորվել են ճանապարհները, այդքան թերֆինանսավորվել է կրթությունը, այդքան թերֆինանսավորվել է առողջապահությունը: Եվ, հետևաբար, մեր հարցերը պիտի լուծենք աշխատանքի միջոցով: Վայոց ձորի հողերը պետք է մշակվեն: Իհարկե, մենք պետք է հասկանանք. մի մասը սահմանային պատճառներով չի մշակվում: Դա էլ պետք է լուծենք: Մի մասը ոռոգման ջրի բացակայության պատճառով չի մշակվում: Դա էլ պիտի լուծենք: Հայաստանի լեռներում տարեկան ձևավորվում է 7 մլրդ խորանարդ մետր ջուր: Մենք դրանից ամբարում ենք ընդամենը 1 մլրդ խորանարդ մետրը: Եվ քաղաքականություն պետք է մշակենք, որ Հայաստանում ջրամբարաշինության ծավալուն ծրագիր իրականացվի:

Հաջորդը՝ մենք գյուղացիների համար եկել ենք նոր առաջարկով: Պետք է խթանենք, որպեսզի համատարած անցում կատարվի կաթիլային ոռոգման: Եվ ուզում ենք հետևյալ ծրագիրը գործարկել. մինչև երեք հեկտար այն հողերը, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, հինգ տարի իրենց սեփականատերերից ջրի փող չենք գանձի: Եվ մենք այս ծրագիրն անպայման գործարկելու ենք: Այսինքն՝ անվճար կլինի ջուրը նրանց համար:

Հաջորդը, գործարկել ենք ուսուցիչների աշխատավարձերի անընդհատ բարձրացման ծրագիր, այսինքն՝ շարունակական: Եվ այս տարվա նոյեմբերից այն ուսուցիչները, ովքեր կանցնեն ատեստավորում՝ կստանան 30-50 տոկոս բարձր աշխատավարձ: Եվ այս պրոցեսի արդյունքում դպրոցներում կունենանք միայն որակյալ ուսուցիչներ, որոնք պատշաճ և բարձր աշխատավարձ կստանան: Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի գյուղում և Երևանի կենտրոնում դպրոցական կրթության որակը մոտեցնենք իրար: Դրա համար առաջինը՝ հեռավար կրթության ինստիտուտ կստեղծենք, որ օրինակ, Երանում ուսուցիչը դաս վարի, որտեղ ուսուցիչների պակաս կա՝ ինտներնետի միջոցով այդ դասը հեռարձակվի նաև այդտեղ, ուրիշ գյուղերում: Դասասենյակում ներկա կլինի միայն ինստրուկտոր ուսուցիչ, ով երեխաների ներկայությունը և ուշադրությունը կապահովի:

Հայաստանի տնտեսությունը պետք է զարգացնել: Ինչպե՞ս, պետք է գնանք, այո՛, կոմունիկացիաների բացման: Այսօր բոլորն ուզում են վախեցնել՝ ի՞նչպես կլինի, որ Ադրբեջանը Հայաստանով ճանապարհ ունենա դեպի Նախիջևան: Իմիջայլոց, այդ միջանցքի տրամաբանութունը շատ է շահարկվում: Ադրբեջանն անընդհատ հայտարարում է՝ «Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք»: Մենք հարց ենք տալիս, ընդգծելով՝ համատեղ ստորագրված փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք արտահայտություն կա:

Նրանք շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Այսինքն ճանապարհ կտանք՝ ճանապարհի դիմաց: Պատկերացրեք, Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե ունենանք երկաթուղի Իրանի Իսլամական Հանրապետության հետ և Ռուսաստանի Դաշնության հետ: Սա մեր կարևորագույն խնդիրն է, որից հետո Հայաստանը հնարավորություն կստանա օգտվելու իր ամենամեծ հարստությունից:

Հայաստանը պղնձի պաշարներով ամենահարուստ երկրներից մեկն է: Այսօր պղինձը հռչակվել է 21-րդ դարի նավթ: Եվ երկու օր առաջ պղնձի գինը սահմանեց պատմական ռեկորդ՝ մեկ տոննայի դիմաց հատեց 9 հազար դոլարը: Բայց մեր ազգային հարստությունից չենք կարողանում լիարժեք օգտվել, որովհետև հանքաքար արտահանող երկիր ենք: Երկաթուղու բացումը մեզ հնարավորություն կտա Հայաստանում պղնձաձուլարան հիմնել: Սա նշանակում է, որ ոչ թե հանքաքար կարտահանենք, այլ մետաղ կարտահանենք, բայց ոչ թե նույնիսկ մետաղ կարտահանենք, այլ մետաղի վերամշակված ապրանք՝ պղնձալար, կաբել: Ինչո՞ւ է պղնձի գինը բարձրանում, որովհետև հիմա էլեկտրոմոբիլների, կանաչ էներգետիկայի, այլընտրանքային էներգետիկայի դար է, իսկ այլընտրանքային էներգետիկայի և էլեկտրոմոբիլների համար ամենակարևոր կոմպոնենտը պղինձն է: Սա նշանակում է՝ կկարողանանք վերականգնել Հայաստանի երբեմնի արդյունաբերության մակարդակը, որովհետև տնտեսությունը կհիմնվի պղնձի վրա, պղինձը կվերամշակվի՝ կդառնա կաբել և տասնյակ այլ արտադրանքներ, արևային պանելներ: Երեք ուղղությունների մասին մեր հիմնական և հիմնարար պատկերացումներն ասացի՝ անվտանգություն, հանրակրթություն, գյուղատնտեսություն և արդյունաբերություն: Այս ճանապարհով մենք պետք է զարգանանք և գնանք առաջ:

Ուզում եմ նաև մի քանի քաղաքական հարցերի անդրադառնալ: Օրինակ, մեր իշխանության մասին վերջին ամիսներին այսպիսի մի բան են տարածում, ասում են՝ իբր մեր իշխանությունը թույլ է: Բայց ձեզ ուզում եմ հետևյալն ասել՝ 2020 թվականի նոյեմբերից հետո մեր իշխանության հեռացումն ով ասես չի պահանջել: Այսպես ասած, ես դա անվանում էի պսևդոէլիտայի բունտ ընդդեմ կառավարության: Իսկ եթե թույլ իշխանություն լիներ մեր իշխանությունը՝ այսքան փորձությունները ո՞նց կանցներ:

Ո՛չ, մեր իշխանությունն ուժեղ է կամ մեր իշխանությունն ի՞նչ պետք է աներ, որ ասեին՝ ուժեղ իշխանություն է: Ի՞նչ, պետք է մտնեինք խորհրդարանում գնդակահարեինք երկրի քաղաքական էլիտային կամ պետք է մեկն ասեր՝ «պրիվետ Նիկոլ», պետք է տանեին ծեծելով զուգարանում սպանեին, որ ասեին՝ տեսեք ինչ ուժեղ իշխանություն է: Թույլ իշխանություն ենք, որ ոչ Բադեն-Բադենում ենք տուն ձեռք բերել, ոչ հունական կղզիներում, ոչ շվեյցարական բանկերում միլիոններ ունենք, ոչ հայկական բանկերում միլիոններ ունենք:

Ո՛չ, մենք ուժեղ իշխանություն ենք, բայց մենք ուժեղ ենք ձեզնով, ժողովուրդ: Մենք ուժեղ ենք, մենք ինչո՞ւ ենք մինչ այսօր կանգնած այստեղ, որովհետև մեր իշխանությունը հենված է եղել ձեզ վրա: Փողի վրա չի հիմնված եղել, կրիմինալի վրա չի հիմված եղել, ձեր վրա է հիմնված եղել: Բայց ես եկել եմ այստեղ երկու բան ասելու: Առաջինը՝ ներողություն խնդրելու ձեզնից այն բոլոր հիասթափությունների համար, որ այս ընթացքում ձեզ պատճառել ենք, իսկ դրանք անշուշտ եղել են:

Որոնք են եղել օբյեկտիվ, որոնք՝ սուբյեկտիվ, դա ուրիշ թեմա է: Ես ցանկանում եմ ներողություն խնդրել, բայց նաև գիտեմ, որ դուք գիտեք՝ մենք չարամիտ որևէ բան չենք արել: Եղել են իրավիճակներ, որ մեզ համար եղել են անհաղթահարելի: Բայց ուզում եմ հիասթափության մի կոնկրետ օրինակի մասին խոսել և ցույց տալ, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ և ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Օրինակ, շատ է խոսվում արդարության ու արդարադատության մասին: Շատ են ասում՝ այս մեկն ինչո՞ւ նստած չէ, այն մեկն ինչո՞ւ նստած չէ: Ընդհանրապես արդարության և արդարադատության անկյունաքարը հետևյալն է՝ կա մի հայտնի բանաձև, ասում են՝ եթե ուզում ես երկրում հաստատել արդարութուն և արդարադատություն, պետք է հետևես հետևյալ սկզբունքին՝ ավելի լավ է մեղավորը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում: Ինչո՞ւ է սա այսպես ասվում, որովհետև մեղավորին այսօր չէ, վաղը, վաղը չէ մյուս օրը կբռնես և կենթարկես իրեն արժանի պատասխանատվության, և դա կլինի արդարություն: Բայց եթե անմեղին բանտ նստեցնես՝ 3 տարի, 5 տարի, 10 տարի, հետո ներողություն էլ խնդրես, իր նկատմամբ տեղի ունեցածն անարդարություն է, այլևս չես վերականգնի:

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի այսպիսի փաստի վրա. այսօր Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենաքիչ կալանավորված և դատապարտված անձը կա Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի բանտերում երբեք այնքան քիչ մարդ չի եղել, քան այսօր: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ մենք արդարության և արդարադատության հարցում էլ ենք շատ լուրջ հաջողության հասել, որովհետև կարող ենք ասել, որ Հայաստանի բանտերում անմեղ մարդիկ չկան: Այո՛, բազմաթիվ պոտենցիալ հանցագործներ կան, որոնք ազատության մեջ են: Եթե նրանք հանցանք են գործել՝ նրանց պատասխանատվության ժամն անխուսափելիորեն հասնելու է, բայց բանտում անմեղ մարդ չկա: Եվ սա ամենամեծ և ամենակարևոր նվաճումն է:

Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, հետևյալն է. ոմանք ուզում են ասել, թե Երրորդ Հանրապետության պատմության մեջ սփյուռքի հետ հարաբերությունները լավ է եղել, այս իշխանության օրոք հարաբերությունները վատացել են: Այս հարցի մասին էլ կարող ենք թվերով խոսել: Որեմն, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին: «Հայաստան» համահայկական հիմնադրամին սփյուռքից մինչև 2018 թվականն արվել է 289 միլիոն դոլարի նվիրատվություն: Թվերը հիշեք: 2018 թվականից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է 247 միլիոն դոլար: Իհարկե, դրա զգալի մասը, մեծ մասը 44-օրյա պատերազմի ընթացքում: Բայց նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» հիմնադրամը հավաքել է նախորդ 28 տարվա հավաքածի ավելի քան 70 տոկոսը: Եվ սա ինչի՞ մասին է վկայում. որ իշխանությանը չվստահեին՝ այդ միջոցները չէին նվիրաբերի հիմնադրամին: Փորձեցին կասկածի տակ դնել, թե ինչքանով է հիմնադրամի միջոցներն արդյունավետ ծախսվել, դա էլ չստացվեց: Եվ հիմա հայտարարել ենք, որ Արցախում ավելի քան 100 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագրեր ենք իրականացնելու: Սա նշանակում է, որ այս մի ծրագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավելի մեծ կամ նույնպիսի ծրագիր է իրականացնելու, քան նախկինում Արցախում իրականացված բոլոր ծրագրերը միասին վերցրած: Սա շատ կարևոր արձանագրում է՝ մեր խոսակցությունը շարունակելու համար:

Բայց երկրորդ հիմնական ասելիքը: Առաջին ասելիքն այն էր, որ ուզում էի ձեզնից ներողություն խնդրել պատճառած բոլոր հիասթափությունների համար: Երկրորդ ասելիքը հետևյալն է, որ Հայաստանում, այո՛, կա ապագա, որ Արցախում կա ապագա, որ այս երեխաներն ապագա ունեն և այս երեխաների ապագան Հայաստանի Հանրապետությունում է: Մենք պետք է, այո՛, իրար հետ հաղթահարենք պարտության դառնությունը և իրար հետ բարձր ու հստակ ասենք՝ ապագա կա: Մենք իրար հետ պետք է պայմանավորվենք, որ մեր երեխաների, մեր երկրի, մեր հայրենիքի ապագայի համար անմնացորդ շարունակելու ենք նվիրված լինել, և աշխատանքով, մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շենացնելով՝ հասնելու ենք այդ ապագային: Եկենք խոստանանք իրար, որ դա անպայման անելու ենք, որովհետև դա մեր պարտքն է, մեր առաքելությունն է նաև մեր նահատակների հիշատակի առաջ: Եվ այո ՛, մենք պետք է ունենանք ազատ, երջանիկ և հզոր երկիր:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարվում եմ բոլորիդ առաջ: Կրկին ներողություն եմ խնդրում ձեզ պատճառված բոլոր հիասթափությունների համար, բայց, այնուամենայնիվ, վերջում բարձր ու վստահ ասում եմ՝ ապագա կա, կա ապագա ժողովուրդ և հավատացեք դրան, դուք պարտավոր եք հավատալ, ես համոզված եմ, որ հավատում եք և համոզված եմ, որ կապացուցեք»:

Վարչապետ Փաշինյանը Ռինդ համայնքում ներկա է գտնվել կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է 127 մլն դրամ, որից 9 մլն դրամը՝ համայնքի, մյուս մասը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար, սակայն ներկայումս այստեղ հաճախում են Արենի խոշորացված համայնքի 4 ՝ Ելփին, Չիվա, Արենի և Ռինդ բնակավայրերի 80 երեխաներ: Մանկապարտեզը համալրվել է նաև անհրաժեշտ գույքով:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Վայոց ձորի մարզի Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ավտոճանապարհին իրականացված վերառուցման աշխատանքներին: Ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ: Մինչ այս՝ ճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի:

 

  • Կիսվել: