երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հայաստանն ու Ճապոնիան կարող են ավելին անել՝ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար. նախագահ

Հայաստանն ու Ճապոնիան կարող են ավելին անել՝ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար. նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսoր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում իր այցը Ճապոնիա՝ կայսեր գահակալության տոնակատարությանը մասնակցելու նպատակով, և խնդրել է իր ողջույնները փոխանցել կայսեր Նարուհիթոյին:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումը, և երկու երկրները կարող են ավելին անել մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար: Նախագահը նշել է, որ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ է առկա մասնավորապես էներգետիկայի, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի և միջուկային անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում:

Դեսպան Մասանորին նշել է, որ իր համար պատիվ է Հայաստանում դիվանագիտական ծառայություն սկսելը: Նա վստահություն է հայտնել, որ, չնայած պատերազմի և համավարակի դժվարություններին, Հայաստանն ընթանալու է զարգացման ճանապարհով, և Ճապոնիան պատրաստ է աջակցել բարեկամ Հայաստանին: Նա հավաստիացրել է, որ իր կողմից ամեն ջանք կներդնի՝ երկկողմ հարաբերությունների խորացման համար:

  • Կիսվել: