շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են դժվարին ժամանակաշրջանում. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են դժվարին ժամանակաշրջանում. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Փետրվարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նախորդ օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական կոչման արժանացած տասնմեկ քահանաներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի:

Ձեռնադրող Օշական Սրբազանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, իր երախտագիտությունն է հայտնել քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։

Նորաօծ եկեղեցականների անունից Հայոց Հայրապետին երախտագիտության խոսք է ասել Արժանապատիվ Տ․ Կոմիտաս քահանա Ղևոնդյանը՝ հավաստիացնելով, որ ամեն ջանք կներդնեն իրենց նվիրյալ ծառայությունը բերելու Հայ Եկեղեցու անդաստանում:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել նորաօծ հոգևորականներին՝ շնորհավորելով վերջիններիս քահանայական ձեռնադրության առիթով:

Վեհափառ Հայրապետը հորդորել է նորընծա եկեղեցականներին հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ ու սիրով լծվեն իրենց առաքելությանը՝ էլ ավելի բարձրացնելով Հայ Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:

Հայոց Հովվապետն ընդգծելով, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են դժվարին ժամանակաշրջանում, պատգամել է նորաօծներին արդյունավորել իրենց հոգևոր սպասավորությունը հոգեխնամ ու կրթադաստիարակչական գործունեությամբ, Ավետարանի և սուրբ հայրերի պատգամների համաձայն հայորդիների մեջ հաստատել ու զորացնել սերը Հայ Եկեղեցու և Հայրենիքի նկատմամբ։

Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ քահանա հայրերն իրենց զորավոր հավատքով, նվիրյալ ու անսակարկ ծառայությամբ կկարողանան իրականություն դարձնել հայ ժողովրդի զավակների իղձերն ու տեսիլքներն ապագայի նկատմամբ։ 

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է բերել ձեռնադրող Սրբազան Հորը, ինչպես նաև Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատություններին ու լուսարարապետությանը եկեղեցականների պատրաստության և ձեռնադրության գործում ներդրած ջանքերի համար։

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է քահանա հայրերին և ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ:

  • Կիսվել: