երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միմյանց դեմ հանդիպել ՄԻԵԴ-ում ռասիզմի հիմքով. Փաստաբան

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միմյանց դեմ հանդիպել ՄԻԵԴ-ում ռասիզմի հիմքով. Փաստաբան

Փաստաբան Արա Ղազարյանը, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Ադրբեջանի մի քանի գործերով է ներգրավված, կարծում է, որ ուշ է, որպեսզի Բաքվում ու Սումգայիթում իրենց տունը կորցրած հայերը իրավունքի պաշտպանության հարց բարձրացնեն ՄԻԵԴ-ում:

«Ոչ, դա բաց թողնված հնարավորություն է: Այն մարդիկ, ովքեր կորցրել են իրենց տունը Սումգայիթում կամ Բաքվում, նրանք կունենային իրավական հիմք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով դա անել 2002-2005 թվականներին, մասնավորապես, կոնվենցիայի վավերացումից 4-5 տարվա ընթացքում,: Բայց չեն արել, հետևաբար հիմա այդ հարցով ՄԻԵԴ դիմելն անիմաստ կլինի»,- այսօր «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական և տեղեկատվական ասպեկտներ» թեմայով քննարկմանը հայտարարեց Ղազարյանը:

Այդուհանդերձ, ըստ փաստաբանի, այլ հարցով Հայաստանն ու Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կամ այլ ատյաններում կարող են հանդիպել միմյանց դեմ և դա կարող է լինել ռասիզմի հարցը:

«Վաղ թե ուշ նման հիմքով միջպետական գանգատ լինելու է: Բացառվում է, որ չլինի: Ամենայն հավանականությամբ այդ պլատֆորմը լինելու է ռասիզմը: Այս դեպքում արդեն, նման գործերով ոչ միայն դատարանները հիմնվում են կոնկրետ ուղղակի ապացույցի, այլ՝ անուղղակի ապացույցների, այլ կերպ ասած՝ կոնտեքստի վրա», - ասաց նա։

Ռասիզմի հիմքով հայցեր ներկայացնելիս Հայաստանը, ըստ Ղազարյանի, կարող է փաստեր ներկայացնել 90-ական թվականներից՝ Սումգայիթի դեպքերից:

«Հայաստանը այդպես կարող է ցույց տալ, որ ներկայիս Ադրբեջանը նախկին խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդն է ու հայերի դեմ կատարվածը սիստեմատիկ բնույթ է կրել», -ընդգծեց Արա Ղազարյանը:

  • Կիսվել: