երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է ու Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման․ ԱԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է ու Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման․ ԱԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է ու Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման: Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ ներկայացվել է: Վերջին անգամ դա արվել է Բրատիսլավայում Զոհրաբ Մնացականյանի ելույթի ժամանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները, նա նշեց․

«Արցախի ժողովուրդն իրավունք ունի պահպանել ու սահմանել իր կարգավիճակն Ադրբեջանի ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից, իրավասությունից դուրս։ Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»,-ասաց Նաղդալյանը:
 
ԱԳՆ խոսնակը նշեց, որ Ադրբեջանն ավելի քան 30 տարի ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը.
 

«Չի կարող լինել իրավիճակ, որ Արցախի ժողովուրդը մնա պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության գծերի, ինչի մասին նախարարը խոսել է Բրատիսլավայի իր ելույթում: Ադրբեջանական կողմը կամ ընկալումների հետ որոշակի խնդիրներ ունի, կամ պարզապես չի ցանկանում ընկալել: Այս պարագայում նրանք լավ ընկալում են հայկական կողմի դիտարկումները, սակայն ձևացնում են, որպեսզի կարողանան արդարացնեն իրենց առավելապաշտական դիրքորոշումը: Ես ստիպված եմ նորից կրկնել, որ Արցախի ու Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու, իսկ հակամարտության չկարգավորման  հիմնական պատճառն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն է»,-ասաց նա:

Մամեդյարովը CBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում եղել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» է։

Ադրբեջանի արտգործնախարարը, մասնավորապես, նշել է․

«Բանակցությունների միջոցով խաղաղության հասնելը շատ բարդ գործընթաց է: Հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է ռազմավարական համբերություն: Մենք միշտ խոսում ենք խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին: Հայկական կողմի գործողությունների և հայտարարությունների 99% -ը հիմնված է հույզերի վրա։ Հայկական կողմից տարբեր փաստաթղթեր են ի հայտ եկել, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» է: «Լավրովի պլանը» քննարկումների արդյունք է, շուրջ երկու տարի առաջ՝ Մոսկվայում: Բայց այն, ամեն դեպքում, կանգ է առնում «մադրիդյան սկզբունքների» վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2019 թվականի մարտի 9-ի հայտարարությունում հենց սահմանված է միջնորդների տեսլականը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար: Էությունը շատ պարզ է` փուլային: Առաջին փուլում զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: