ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Հայաստանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանը ԱԹՍ-ներ, ռազմական տեխնիկա է գնում. Տիգրան Բալայանի հարցազրույցը՝ Brussels Signal-ին

Հայաստանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանը ԱԹՍ-ներ, ռազմական տեխնիկա է գնում. Տիգրան Բալայանի հարցազրույցը՝ Brussels Signal-ին

Ադրբեջանը Հայաստանի հետ լարվածության ֆոնին արտերկրից անօդաչու սարքեր և ռազմական տեխնիկա է գնում, դրանք, ըստ տեղեկությունների, գալիս են նաև Իսրայելից և Թուրքիայից: Այս մասին Brussels Signal-ին տված հրացազրույցում ասել է Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը:

Նա նշել է, որ Հայաստանը հետևել է զինամթերքի գնումներին, որոնք, ըստ տեղեկությունների, եկել են ռազմական թռիչքներով՝ այդ թվում Իսրայելից և Թուրքիայից: Այս առաքումները, ենթադրաբար, ներառում են անօդաչու սարքեր:

՛՛Ադրբեջանի ռազմական տեխնիկայի 60 կամ 70 տոկոսը գալիս է Իսրայելից, այնուհետև Թուրքիայից՛՛,-ասել է Բալայանը՝ ընդգծելով, որ ավելացել են ռազմական թռիչքները Սերբիայից, որը վերջերս հայտարարել է Ադրբեջանին որոշ հրետանային տեխնիկա վաճառելու համաձայնության մասին:

Խոսելով Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին, որի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել՝ Բալայանը  նշել է, որ դա պատասխան է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության մակարդակի աճին։

՛՛Այդ հարձակումը մեսիջ էր ոչ միայն Հայաստանին, այլ նաև Բրյուսելին՛՛, նշել է նա և հավելել, որ միջադեպը տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստից մի քանի ժամ առաջ։

Բալայանը հարձակումը որակել է որպես բացահայտ ՛՛մարտահրավեր՛՛՝ ուղղված տարածաշրջանում ԵՄ ՛՛իշխանությանը՛՛:

Դեսպանը նշել է, որ Ադրբեջանը մտադրություն չունի վերջ դնել Հայաստանի հետ հակամարտությունը։

՛՛Չնայած բոլոր նախազգուշական կոչերին՝ Ադրբեջանը չդադարեցրեց իր ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ գործողությունները, սպանությունները և սադրանքները՛՛,-ասել է դեսպանը:

  • Կիսվել: