շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Մեծ եղեռնի նյութական վնասը՝ մոտ 10 տրիլիոն ԱՄՆ դոլար...

«Հայաստանի Հանրապետություն»․ Մեծ եղեռնի նյութական վնասը՝ մոտ 10 տրիլիոն ԱՄՆ դոլար...

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Եթե Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին հասցված մարդկային կորուստները 1,5 միլիոն ենք համարում, ապա դրա հետեւանքները շատ ավելի հսկայական են։ Պատկերացրեք, թե որքան կլիներ հայերի թիվն այսօր, եթե 1,5 միլիոն հայերը ողջ լինեին։ Ակադեմիկոս Գեւորգ Պողոսյանի հաշվումներով՝ 100 տարի անց հայության թվաքանակը կկազմեր առնվազն 20 միլիոն։ Այս թիվը լուջ սպառնալիք էր թուրքական պետության համար:

Ըստ հետազոտող Գեւորգ Բաղջյանի՝ 2008 թ. դրությամբ նյութական պահանջի գումարը պետք է կազմեր 298 միլիարդ ամերիկյան դոլար, սակայն սա միայն կորուստն է։ Եթե այդ գումարն ուղղակի որպես ավանդ դրվեր որեւէ բանկում, ամենանվազագույն՝ 5 տոկոս տոկոսադրույքով, նույն Գեւորգ Բաղջյանի կարծիքով՝ 298 միլիարդ դոլարը կկազմեր աստղաբաշխական մի թիվ՝ 9,97 տրիլիոն ամերիկյան դոլար։ «Սրա մեջ չի ներառվում անգամ բաց թողնված շահույթը։ Եթե այս կապիտալը հայերը կարողանային ներդնել ինչ-որ ձեռնարկատիրական գործունեության մեջ, ստանալու էին խոշոր շահույթներ։ Շատ հետազոտողներ ինչ-որ հաշվարկներ են կատարել ու ստացել են տարբեր թվեր, բայց նյութական կորստի եւ դրա հետեւանքի խնդիրը մեզ հետաքրքրում է այնքանով, որքանով դրա հատուցումը կարող է նպաստել վերադարձվող տարածքները շենացնելու եւ հայերով վերաբնակեցնելու հարցում»,- այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: