«Հայաստանի Հանրապետություն». Ֆրանսիան ուզում է պատժել Թուրքիային
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրու է․ «Ես լիովին աջակցում եմ Կիպրոսին և Հունաստանին, որոնք բախվել են Թուրքիայի կողմից իրենց ինքնուրույնության խախտման հետ: Անթույլատրելի է, որ ԵՄ անդամ երկրների ծովային տարածքները խախտվեն կամ ենթարկվեն սպառնալիքի: Նրանք, ովքեր անում են դա, պետք է պատժվեն»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում ընդունելով իր կիպրոսցի գործընկերոջը՝ Նիկոս Անաստասիադիսին:
Մակրոնի խոսքերով՝ ԵՄ-ի համար «լուրջ սխալ կլիներ չարձագանքել Արևելյան Միջերկրածովյանում կատարվող սադրանքներին»: Նա ավելացրել է, որ «կհասնի լրացուցիչ պատժամիջոցների կիրառման նրանց դեմ, ովքեր կխախտեն Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները»:
Ֆրանսիայի նախագահը նման կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ հուլիսի 21-ին Թուրքիայի ռազմածովային ուժերը հաղորդեցին Կիպրոսի և Կրետեի միջև գտնվող ծովային տարածքում սեյսմիկ հետազոտություններ կատարելու ու հորատման աշխատանքներին նախապատրաստվելու մասին: Միջերկրածովյան այդ տարածքի վրա տարածվում է մի համաձայնագիր, որը Թուրքիան կնքել է Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ: Թուրքական «Աքսազ» ռազմածովային բազայից դուրս է եկել 15 նավ: Աթենքում դա գնահատել են որպես Անկարայի փորձ՝ ներխուժելու Հունաստանի մայրցամաքային տարածք: Արդյունքում երկրի զինված ուժերը բերվել են պատրաստականության բարձր աստիճանի»:


