կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
«Հայաստանի Հանրապետություն»․ Ակտիվ՝ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններով

«Հայաստանի Հանրապետություն»․ Ակտիվ՝ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններով

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նախորդ տարի Հայաստանն ակտիվ քայլեր է արել արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններով, ինչի արդյունքում արձանագրվել են նշանակալի ձեռքբերումներ: Հայաստանի առաջնահերթ գերակայություններից են եղել բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության 2019 թ. գործունեության ամփոփված հիմնական արդյունքերի արտաքին քաղաքականության բաժնում, որն ԱԺ-ում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ հաշվետվության՝ Արցախի շուրջ տարվող բանակցությունների շրջանակում ՀՀ վարչապետը երկու անգամ հանդիպել է Իլհամ Ալիևի հետ. հունվարի 22-ին ոչ պաշտոնական հանդիպում է եղել Դավոսում և մարտի 23-ին պաշտոնական քննարկում՝ Վիեննայում: Ակտիվ են եղել արտաքին գործերի նախարարների մակարդակով քննարկումները:

Երկու պետությունների արտաքին գործերի նախարարները հանդիպել են 5 անգամ՝ Փարիզում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Նյու Յորքում և Բրատիսլավայում: Նախորդ տարի մեր պետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շրջանակներում էական քայլեր են արվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ:

2019 թ. ապրիլին միանգամից երեք երկիր Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումներ են ընդունել: Ֆրանսիայի նախագահը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիր: Մինչ այդ, ապրիլի 10-ին Իտալիայի պառլամենտը կոչով դիմել էր կառավարությանը, որպեսզի վերջինս ընդունի հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել:

Տարին ավարտվել է դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմամբ, որին նախորդել էր հոկտեմբերի 30-ի ներկայացուցիչների պալատի համանման որոշումը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: