երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանի Հանրապետության թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկ վճարողն է․ «Եռաբլուրը» հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քննարկվում է՝ հարկ վճարող քաղաքացու էս ինչ մեծարում է տեղի ունենում Հայաստանում։ Պատկերացրեք, պետությունն ուր է հասել, որ պետության հերոսը հարկ վճարող քաղաքացին է։ Էդ մարդիկ չեն հասկանում, որ հարկ վճարող քաղաքացին չլինի, իրենք աշխատավարձ չեն ստանա։ Առնվազն մինչեւ հիմա իրենք իրենց աշխատավարձերը պետք է նվիրած լինեին պետությանը։ Պետական բյուջեից աշխատավարձ ստացողները ասում են՝ էս երկրի հերոսը հարկ վճարող քաղաքացի՞ն է, էս ինչ խայտառակություն է»,-նշեց նա:

Վարչապետը շեշտեց, որ ինքն այդ մարդկանց անկեղծությանը կհավատա, եթե մինչեւ հիմա իրենց ստացած բոլոր աշխատավարձերը, որոնք ձեւավորվել են հարկ վճարող քաղաքացիների հաշվին, վերադարձնեն պետբյուջե։

«Անկարկը՝ բա բանակը, բա Զինված ուժերը․ բանակը սնում է հարկ վճարող քաղաքացին, կա հարկ վճարող քաղաքացի, կա բանակ, չկա հարկ վճարող քաղաքացի, չկա բանակ բառիս բուն իմաստով՝ կոշիկ, շոր, ավտոմատ, փամփուշտ, տանկ հրացան, պագոն, աշխատավարձ, պարգեւավճար, մեդալ, Ազգային հերոսի մեդալը, որ ձուլում են հարկ վճարող քաղաքացու տված հարկի հաշվին։ Կա քաղաքացի, որը հարկ է վճարում եւ կա ազգային հերոս։ Այն մարմինը, որը որոշում է, որ ազգային հերոս է, այդ մարմինը գոյություն ունի միայն այն պատճառով, որ կա հարկ վճարող քաղաքացի։ Չկա հարկ վճարող քաղաքացի, չկա այն մարմինը, որը որոշում է այդ մարդը հերոս է, չկա այդ հերոսը, չկա այդ հերոսի կոչում տալու որոշումը, չկա այդ մեդալը, չկա այդ հերոսի մեդալը հանձնելու պաշտոնական արարողությունը, որովհետեւ այն լույսը որը վառում է այն դահլիճում, որտեղ պետական պաշտոնյան հանձնում է հայրենիքի շքանշանը, այդ լույսը վառվում է հարկ վճարող քաղաքացու շնորհիվ։ Եթե ասեն՝ ոչինչ մոմի լույսի տակ կտանք՝ չկա հարկ վճարող քաղաքացի եւ չկա մոմ»,- նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկ վճարողն է։

««Եռաբլուրը» հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է։ Դեֆորմացիան սկսել է այնտեղից, երբ որ մենք մեր ոտքի տակը չենք նայել։ Որ աշխատանքային քննարկումների ժամանակ ասում եմ՝ վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Որ խորանում ես, վերաբերմունքը շատ դեպքերում հետեւյալի մասին է՝ Հայաստանի Հանրապետությանը դուք լո՞ւրջ եք վերաբերվում, էս մի թիքա Հայաստանի՞ն եք լուրջ վերաբերվում, մեր հայրենիքը գիտե՞ք՝ ինչ է, սա հայրենիք չէ, սա հայրենիքի մնացորդ է․ էս գիտակցությունը մեր մեջ մտցված է։ Սա լուրջ հոգեբանական խնդիր է, գաղափարախոսական խնդիր է, սրա մասին մենք անպայման պետք է խոսենք»,-ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: