Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ-թուրքական սահմանին հանդիպել են. ինչ են քննարկել. պարզաբանում է Ռուբինյանը
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ-թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Հանդիպումը տեղի է ունեցել վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության կոնտեքստում։ Մենք պայմանավորվել էինք, որ կողմերը տեխնիկական գնահատում կանեն կարիքների, որոնք անհրաժեշտ են Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու համար: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, հանդիպմանը ներկա են եղել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք պատասխանատու են երկաթուղային ենթակառուցվածքների համար, ինչպես նաև այն գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են լինելու Անիի կամրջի համատեղ վերականգնման համար»:
Ռուբինյանի խոսքով՝ թեև երկաթուղու վերագործարկման տեխնիկական մանրամասները քննարկվում են, այն վերագործարկելու քաղաքական պայմանավորվածություն չկա։
«Քաղաքական պայմանավորվածություն չկա, բայց կարող է գործընթացը նաև հակառակը լինել։ Երկու կողմերը, հասկանալով և ըմբռնելով, որ իրենց վերջնական նպատակն է երկու երկրների սահմանի ամբողջական բացումը, իսկ այդպիսի ընկալում կա, մենք նաև նման շփումներով նախապատրաստվում ենք դրան»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.