հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները կարևորել են բազմաոլորտ համագործակցության խթանումը

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները կարևորել են բազմաոլորտ համագործակցության խթանումը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Հնդկաստանի  արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ ավանդաբար բարիդրացիական և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները նոր որակ են ստացել։ Երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման առումով առանձնահատուկ կարևորվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, բարձրաստիճան փոխայցելությունների ու շփումների, հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, ապակենտրոնացված համագործակցությունը։ Գործընկերները գոհունակություն հայտնեցին միջազգային հարթակներում ձևավորված ավանդական փոխգործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները մեծապես կարևորեցին բազմաոլորտ համագործակցության խթանումը՝ մասնավորապես առևտրատնտեսական ներուժի լիարժեք կիրառման, գյուղատնտեսության,  դեղագործության, թեթև արդյունաբերության ոլորտներում կապերի խորացման միջոցով: Այդ համատեքստում որպես հեռանկարային ուղղություն ընդգծվեցին նորարարության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտները, որտեղ երկու պետություններն ունեն խոր ավանդույթներ ու նշանակալի ձեռքբերումներ: 

ԱԳ նախարարներն անդրադարձան նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի: 

  • Կիսվել: