չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը մտահոգիչ է. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը մտահոգիչ է. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը մտահոգիչ է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն։

«Ռուսաստանում մեծ անհանգստությամբ են ընդունել վերջին շրջանում մեր բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը։ Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությունը, ինչպես և ցանկացած այլ տարաձայնություն միջազգային ասպարեզում, անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ միջոցներով, դիվանագիտական բանակցությունների ճանապարհով», - ասել է նա հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ:

Զայցեւն ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը հետագա էսկալացիան թույլ չտալու համար, այդ թվում՝ տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ օպերատիվ փոխգործակցության միջոցով: Մասնավորապես, Զայցեւը հիշատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հեռախոսազրույցները ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ, ինչպես նաեւ թուրքական կողմի հետ Անդրկովկասում եւ կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացիկ իրավիճակի քննարկումը:

«Երկուստեք արձանագրելով լուրջ մտահոգություն տարածաշրջանում իրադարձությունների վտանգավոր զարգացումների վերաբերյալ` Ռուսաստանն ու Թուրքիան ելնում են առկա խնդիրների քաղաքական-դիվանագիտական լուծման այլընտրանքի բացակայությունից` միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների», - ասել է նա:

 

«Տրամադրված ենք այսուհետ եւս գործընկերների, այդ թվում եւ Թուրքիայի հետ համատեղ աշխատել տարածաշրջանում ընդհանուր իրադրությունը կայունացնելու նպատակով, ակտիվորեն նպաստել Երեւանի եւ Բաքվի միջեւ քաղաքական երկխոսության հաստատմանը», - եզրափակել է նա:

  • Կիսվել: