Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը բարդ, բայց հաղթանակի ու խաղաղության ճանապարհ է․ Արշակյան
Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացը համարում է բարդ, զոհողությունների, բայց միևնույն ժամանակ հաղթանակի ճանապարհ:
Արշակյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ։
«Մենք այսօր ևս մեկ անգամ ՀՀ պետականության, տարածքային ամբողջականության, սուվերենության, ինքնիշխանության շատ կարևոր անկյունաքար ենք դնելու»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց սահմանազատման հարցով հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ այդ կարևորագույն աշխատանքն իրականացնելու համար, նաև վարչապետին՝ ՀՀ-ն հետևողականորեն դեպի խաղաղ հանգրվան տանելու առաջնորդության համար:
«Սա հեշտ ճանապարհ չէ, սա բարդ ճանապարհ է, սա զոհողությունների ճանապարհ է: Բայց միևնույն ժամանակ սա հաղթանակի, խաղաղության, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանապարհ է»,-նշեց Արշակյանը և հավելեց․
«Լաոսում միջխորհրդարանական վեհաժողովում ելույթի ընթացքում, միջազգային հանրությանը դիմելով, ևս մեկ անգամ փաստեցինք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը համաձայնեցված կետերի շուրջ:
Ինձնից երկու ելույթ հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հանդես եկավ ելույթով ու ասաց, որ ՀՀ Սահմանադրության մեջ կա դրույթ, որը հարցականի տակ է դնում ու տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ: Այսօրվա մեր այս գործընթացով մենք հստակորեն վավերացնելու ենք մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված է Ալմաթիի 1991 թվականի դրույթները, համաձայն որի հստակեցված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև գործող սահմանը ու այդ գործընթացի ամբողջ տրամաբանությունը»,- ասաց նա:
Արշակյանը նշեց, որ ՍԴ-ն ամրագրել է, որ ՀՀ Սահմանադրությունը չունի որևէ դրույթ, որով տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին: