ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի բնակչության 69 տոկոսը բացասական է գնահատում ԼՂ հարցում կառավարության քաղաքականությունը, խաղաղության հաստատման խոստմանը հավատում է 9%-ը․ IRI-ի հարցման արդյունքները

Հայաստանի բնակչության 69 տոկոսը բացասական է գնահատում ԼՂ հարցում կառավարության քաղաքականությունը, խաղաղության հաստատման խոստմանը հավատում է 9%-ը․ IRI-ի հարցման արդյունքները

Հրապարակվել են Ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որոնք վերաբերում են այս տարվա մարտին:

IRI -ի՝ 72 էջանոց հարցման կարևոր ցուցանիշներն են․

Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը 14% է, Արարատ Միրզոյանինը՝ 3%, Ռոբերտ Քոչարյանինը՝ 2%, Արամ Զավենի Սարգսյանինը՝ 2%, Ալեն Սիմոնյանինը՝ 2%:

Հարցվածների 64%-ն ասել է՝ որևէ մեկին չի վստահում:

Եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ՔՊ-ի օգտին կքվեարկեր 21%-ը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 4%-ը, «Հանրային ձայն» (Դոգ)՝ 2%, ՀՅԴ՝ 1%, ՀՀԿ՝ 1%:

Անցած 6 ամիսներին ՀՀ կառավարության ամենամեծ ձեռքբերումը հարցվածների 6%-ը համարել է դիվանագիտական աշխատանքը, 4%-ը՝ ճանապարհաշինությունը, 2%-ը՝տնտեսական աճը: 44%-ը նշել է, որ ոչ մի ձեռքբերում չկա, 21%-ը դժվարացել է պատասխանել:

Կառավարության ամենամեծ ձախողումը 15%-ը համարում է Լաչինի միջանցքի փակումը,  9%-ը՝ Ղարաբաղի խնդրի ընթացքը, 8%-ը՝ Ազգային անվտանգության խնդիրը, 7%-ը՝ տարածքների կորուստը,  21%-ը դժվարացել է պատասխանել:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ո՞ր խոստման իրագործմանն  են հավատում առաջիկա 6 ամսիներին, հարցվածների  12%-ը պատասխանել է բանակի հզորացումը, 12%-ը՝ անվտանգության մակարդակի բարձրացումը, 3%-ը՝ նոր աշխատատեղերի ստեղծումը, 9%-ը՝ խաղաղության հաստատումը:

Հայաստանի բնակչության 69 տոկոսը բացասական գնահատական է տալիս ԼՂ հարցում կառավարության քաղաքականությանը։ Հարցվածների 52%-ը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, 36%-ը՝ ճիշտ ուղղությամբ:

Հայաստանում լավագույն վերաբերմունքը Ֆրանսիայի նկատմամբ է (75%), ամենավատը՝  Ադրբեջանի նկատմամբ (1%):

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վիճակը 2018 թվականին լավ է համարել 87%-ը, վատ՝ 11%-ը։ Իսկ 2023 թվականին Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ են անվանել հարցվածների միայն 50%-ը, վատ՝ 49%-ը։

2018 թվականից ի վեր ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների գնահատականն առանձնապես չի փոխվել, այն ժամանակ 81%-ը այդ հարաբերությունները լավ է համարել, իսկ հիմա՝ 86%-ը։ ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունների գնահատականը ևս առանձնապես չի փոխվել, այն ժամանակ 84%-ը լավ է համարել այդ հարաբերությունները, իսկ հիմա՝ 88%-ը։

Քաղաքական լուրերն ինչ՞ աղբյուրներից եք ստանում հարցին  76%-ը պատասխանել է TV-ներից, 57%-ը՝ սոցցանցից, 46%-ը առցանց մամուլից:

Հարցին՝ Youtube-ում ի՞նչ աղբյուրներից եք լուրերին ծանոթանում, 23%-ը պատասխանել է՝ Հ1, 16%-ը՝ «Արմենիա», 10%-ը՝ «Շանթ», 5%-ը՝ «Ազատություն», 3%-ը՝ «TV5», 1%-ը՝ «Կենտրոն»։ 

  • Կիսվել: