չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանը պետք է իր տունը կարգի հրավիրի՝ ներքին և արտաքին առումներով․ Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստանը պետք է իր տունը կարգի հրավիրի՝ ներքին և արտաքին առումներով․ Րաֆֆի Հովհաննիսյան

Այո, եղել են մեծ և փոքր հանցագործություններ՝ տնտեսական, քաղաքական, ընտրագողություն, պարզապես գիտեմ, որ 1995-ից այս կողմ, եթե չասեմ՝ 1992-ից, եղել են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մեծ և փոքր հանցագործություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:

«Սերժ Սարգսյանի գործի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ և չեմ կարող դիտարկում անել»,- նշեց նա՝ ակնարկելով, որ օրենքի առաջ նախկին և ներկա ղեկավարները պետք է հավասար լինեն:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Անդրադառնալով արտաքին հարաբերություններին Հովհաննիսյանը նշեց, որ երկրի ներսում վերջապես կա դե յուրե իրավիճակ, դե յուրե իշխանություն, դե յուրե ընդդիմություն, դե յուրե հասարակություն, սակայն  այնքան ուժեղ չեն, հավաքված չեն, որպեսզի կկարողանան արտաքին հարաբերությունների խնդիրները լուծել:

«Պատրանքային են, եթե մեր ներքին հարցերը չլուծենք: Հայաստան  պետությունը պետք է իր տունը կարգի հրավիրի՝ ներքին և արտաքին առումներով»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

 

  • Կիսվել: