երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստան-Ֆրանսիա ռազմական գործընկերությունը շրջադարձային է Կովկասում Փարիզի դիվանագիտության համար․ La Croix-ի անդրադարձը

Հայաստան-Ֆրանսիա ռազմական գործընկերությունը շրջադարձային է Կովկասում Փարիզի դիվանագիտության համար․ La Croix-ի անդրադարձը

2023 թվականի աշնանը ստորագրված առաջին պայմանագրերից հետո Փարիզը հաստատում է ռազմական գործընկերությունը Երևանի հետ՝ փետրվարի 23-ին Զինված ուժերի նախարարի՝ Հայաստան կատարած այցով։ Մերձեցում, որը ցանկանում էր Ելիսեյան պալատը՝ խախտելով միջնորդի դիրքը, որը պահպանում էր Ֆրանսիան Կովկասում Խորհրդային Միության փլուզումից հետո: Այս մասին ասվում է ֆրանսիական La Croix-ի անդրադարձում։

Նշվում է, որ փետրվարի 22-ի երեկոյան Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լըկորնյուն պաշտոնական այցով վայրէջք է կատարել Երևանում A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռով՝ պաշտպանական արդյունաբերողների ներկայացուցիչների՝ ռազմական ոլորտում վերջին ամիսներին Ֆրանսիայի և Հայաստանի նախաձեռնած ոչ պակաս աննախադեպ մերձեցումը կյանքի կոչելու և սպառազինության նոր պայմանագրերի ու համագործակցության համաձայնագրերի կնքման համար։

«Փարիզի համար սա պատասխան է Ադրբեջանի ագրեսիային, որը հարձակումներ է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, և որը շարունակում է անորոշ մնալ իր հարևանի տարածքի ապագա նվաճողական հավակնությունների վերաբերյալ։ Երևանը Բաքվին մեղադրում է «տոտալ պատերազմի» նախապատրաստման մեջ, ինչն Ադրբեջանը հերքում է։

Էմանուել Մակրոնն ասել է՝ «Հայաստանի Սյունիքի մարզում վերջերս տեղի ունեցած միջադեպերը ցույց են տալիս, որ տեղում էսկալացիայի վտանգը մնում է իրական»։ Ֆրանսիական այս զգոնությունը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ առավել ևս գնահատվում է Երևանի կողմից, քանի որ Մոսկվայի հետ նրա հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա, որը երկար ժամանակ նրա անվտանգության հիմնական երաշխավորն էր»,- գրում է լրատվամիջոցը։

Ըստ La Croix-ի հրապարակման՝ ռազմական այս գործընկերությունը շրջադարձային կետ է Կովկասում ֆրանսիական դիվանագիտության համար: Չնայած Հայաստանի հանդեպ երկարամյա համակրանքին՝ Ֆրանսիան երկար ժամանակ չեզոքություն էր պահպանում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս դիրքորոշումը կապված էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիական համանախագահության հետ, որի նպատակն էր՝ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Դրանով խոչընդոտում էին ամբողջ ֆրանս-հայկական երկկողմ հարաբերությունները, նույնիսկ մշակութային հարցերում»,-լրատվամիջոցին ասել է հայ դիվանագիտական ​​աղբյուրը: Առաջին հերթին 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական հարձակումների աճն է, որ անհանգստացրել է Ֆրանսիային։ «Այստեղից Ֆրանսիայի գլխավոր շտաբը հասկացավ, որ իրավիճակը փոխվել է»,- հաստատել է նույն աղբյուրը։

Այնուհետև սկսվել է ռազմական ոլորտում Փարիզի ու Երևանի արագ մերձեցումը։ Հոկտեմբերի 3-ին Հայաստան այցելելով՝ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարեց, որ Փարիզն «իր համաձայնությունն է տվել» Հայաստան ռազմական տեխնիկա մատակարարելուն։ Հոկտեմբերի 23-ին Փարիզում Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել էր առաջին պայմանագրերի մասին՝ Arquus ընկերության 50 Bastion զրահապատ և մարտական ​​մեքենաների, Thalès-ից երեք GM-200 օդային հսկողության ռադարների և MBDA խմբից Mistral հակաօդային հրթիռների մասին։

Արդեն նոյեմբերին հայտնվեցին առաջին 24 Bastion մեքենաների լուսանկարները, որոնք գտնվում էին երկաթուղային տրանսպորտում՝ Վրաստանի տարածքով տարանցման համար: «Մենք մեր ֆրանսիացի գործընկերներին հասկացրել ենք, որ դա չպետք է կրկնվի»,- ասել է Վրաստանից դիվանագիտական աղբյուրը, որը նաև մտավախություն է հայտնել, որ զինտեխնիկայի այս մատակարարումները կզրկեն հայ-ադրբեջանական հակամարտությունն Արևմուտքի հովանու ներքո կարգավորելու հեռանկարից։

Լրատվամիջոցը գրում է, որ Փարիզում Ելիսեյան պալատի կողմից ցանկալի այս մերձեցումը նաև որոշ մտահոգություններ է առաջացրել ֆրանսիական դիվանագիտության ներսում։ Ոմանք մտավախություն են հայտնել, որ այս քաղաքականությունը կնպաստի տարածաշրջանում լարվածության աճին: «Այդ ցանկությունը գալիս է նախագահից։ Թիկունքում հետևում են, բայց՝ առանց ոգևորության»,- ասել է Quai d’Orsay-ի հետ քննարկումների հայ մասնակիցը, որի կարծիքով՝ Ֆրանսիան Էմանուել Մակրոնի հետ դարձել է «ավելի հայամետ, քան Հայաստանը»։

Այս մտավախությունները վերացնելու համար Փարիզը պնդում է առաքված  տեխնիկայի «պաշտպանական» բնույթի հարցում։ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական գործընկերությունը, ամեն դեպքում, կշարունակվի։ Փետրվարի 23-ին, Հայաստանը գերճշգրիտ դիպուկահար ինքնաձիգների գնման պայմանագիր է կնքել ֆրանսիական PGM ընկերության հետ։ Բացի փոքր հեռահարության «Միստրալ» հրթիռներից՝ հնարավոր է նաև միջին և մեծ հեռահարության զենիթային հրթիռների մատակարարում։

Հայկական աղբյուրի համաձայն՝ Caesar հրետանային ինքնագնաց համակարգերի վերաբերյալ հարցումները Երևանի կողմից հնչել են նաև անցյալ տարվա հոկտեմբերին Կատրին Կոլոննայի այցի ժամանակ և կրկին բարձրացվել փետրվարի կեսերին՝ ՀՀ պաշտպանության նախարարի և Երևանում Ֆրանսիայի դեսպանի հանդիպման ժամանակ։ «Այս փուլում կոնկրետ ոչինչ չկա»,- լրատվամիջոցին ասել են Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարությունից, գրում է factor.am-ը:

  • Կիսվել: