հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Հայաքվեն» անհրաժեշտություն է հատկապես ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում. Օհանյան

«Հայաքվեն» անհրաժեշտություն է հատկապես ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում. Օհանյան

«Հայաքվե» նախաձեռնությունն անհրաժեշտություն է հատկապես Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված  ռազմաքաղաքական ներկա իրավիճակում։ Այս մասին այսօր «Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադաձությունները, անվտանգության այն միջավայրը, որը գոյությունն ունի, հատկապես  ներքին և արտաքին սպառնալիքների օրըստօրե ուժգանցումը ստիպում է, որպեսզի  քաղաքացիական  հասարակության ամբողջ ներուժը, միտքը, առաջարկություններն ուղղորդել նման կարևոր հարցերի շուրջ քննարկումներ իրականացնելուն և այս բարդ իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց Օհանյանը։

Ըստ նրա, նշված  իրավիճակի համար ոչ միայն ադրբեջանական հանցավոր քաղաքականությունն է հիմք հանդիսանում, նաև ՀՀ իշխանությունների ժամանակին ոչ համահունչ ձևավորված քաղաքականությունը, ինչն էլ ի վերջո  հանգեցրեց Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափմանը, ըստ էության իրականացվեց ցեղասպանություն հայ ժողովրդի արցախյան հատվածի նկատմամբ։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը ։

  • Կիսվել: