ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայ զինծառայողներն արդեն իսկ գերեվարվել էին եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի խախտման հետևանքով՝ Ադրբեջանի միտումնավոր խախտումները լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը. ԱԳՆ

Հայ զինծառայողներն արդեն իսկ գերեվարվել էին եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի խախտման հետևանքով՝ Ադրբեջանի միտումնավոր խախտումները լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը. ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Արցախի հանդեպ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմն իրականացրել է միջազգային իրավունքի լայնածավալ և համակարգված խախտումներ, որոնց զգալի մասը պատերազմական հանցագործություններ են: Այդ պատերազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և դրանց իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման պահանջը հստակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և եռակողմ հայտարարության ընդունումից հետո ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը հանդիսանում է հայտարարության կոպիտ խախտում: 

Հարկ է նշել, որ հայ զինծառայողներն արդեն իսկ գերեվարվել էին եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի խախտման հետևանքով, երբ հրադադարի հաստատումից մեկ ամիս հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ էր ձեռնարկել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայ զինծառայողների գերեվարումից մոտ մեկ ամիս հետո, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով: 

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կրկնվող և միտումնավոր խախտումները լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը և ստեղծում են նոր մարտահրավերներ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար:

  • Կիսվել: