չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայ-ռուսական 6-րդ երիտասարդական համաժողովը քննարկել է կայուն զարգացման հեռանկարները

Հայ-ռուսական 6-րդ երիտասարդական համաժողովը քննարկել է կայուն զարգացման հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության հովանու ներքո մեկնարկել է «Նոր հնարավորություններ երիտասարդության համար. կայուն զարգացման հեռանկարներ» խորագրով հայ-ռուսական երիտասարդական համաժողովը: Վեցերորդ անգամ անցկացվող ամենամյա միջոցառումն այս տարի առաջին անգա,մ համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված, կազմակերպվել է առցանց:

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, համաժողովի բացմանը ելույթի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Ելենա Դրուժինինան, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր ՌԴ-ից և ՀՀ-ից:

 

Ողջունելով երիտասարդական համաժողովի մասնակիցներին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ համաժողովի նպատակն է նպաստել երկու երկրների երիտասարդների ավանդական  շփումների սերտացմանը, ստեղծել ամուր հիմքեր նոր նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի համար. «Երկրի դինամիկ զարգացման հիմնական ռեսուրսը երիտասարդությունն է և սա հստակ շեշտված է համաժողովի խորագրում` «Նոր հնարավորություններ երիտասարդության համար. կայուն զարգացման հեռանկարներ»: Բացի այդ` քաղաքական, տնտեսական և սոցիալական կարևոր  փոփոխությունների ժամանակաշրջանում մեծացած սերունդն առանցքային գործոն է նաև երկրի  վերափոխումների համար,- ընդգծել է նախարարի տեղակալը և շարունակել,- Համոզված եմ, որ համաժողովը կօգնի բացահայտել  երիտասարդությանը հուզող խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ, իսկ մեր ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված բարեկամական կապերը կնպաստեն երկարաժամկետ համագործակցության զարգացմանը և կծառայեն որպես ելակետեր ստեղծարար և նորարարական նախաձեռնությունների իրականացման համար»:

Համաժողովն ընթացել է երկու զուգահեռ սեկցիաներով: Առաջին սեկցիայում թեմատիկ քննարկումներն ընթացել են  «Երիտասարդությունը՝ որպես սոցիալական նորարարությունների և երկրի կայուն զարգացման սուբյեկտ» թեմայի շրջանակում, որտեղ անդրադարձ է եղել ստարտափ նախագծերի իրականացմանը, պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում երիտասարդների նորարարական գործունեության խթանմանը և այլ հարցերի:

«Հայ-ռուսական երիտասարդական նախաձեռնություններ. հնարավորություններ և հեռանկարներ» թեման եղել է երկրորդ սեկցիայի քննարկման հիմնական ուղղությունը: Բանախոսներն անդրադարձել են COVID-19-ի համավարակի պայմաններում երիտասարդական կյանքին, մասնավորապես, նոր  նախաձեռնություններով հանդես գալու և արդյունավետ համագործակցության հարթակներ գտնելու առանձնահատկություններին, ինչպես նաև երիտասարդների կամավորության խնդրին:

  • Կիսվել: