Հայ դիվանագետները քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները
Վիեննայում փետրվարի 11-ին մեկնարկել է Եվրոպայում և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը։
Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հավաքի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով կարևորել է նման ձևաչափով անցկացվող արդեն իսկ ավանդական դարձած հավաքները՝ որպես տեղում Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ մտքերի փոխանակման արդյունավետ հարթակ։
Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, հայկական դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Քննարկման օրակարգում էին ինչպես միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման, այնպես էլ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված քայլերին առնչվող հարցերի լայն շրջանակ։