երեքշաբթի, հունիս 28
28 / 6 / 2022
Հաշմանդամություն ունեցող զինվորների առաջին խումբը Երուսաղեմ կմեկնի մայիսի 26- ին

Հաշմանդամություն ունեցող զինվորների առաջին խումբը Երուսաղեմ կմեկնի մայիսի 26- ին

2020 թվականի 44-օրյա պատերազմի  հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մի շարք զինվորներ կմեկնեն Երուսաղեմ՝ հանգստի։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի
 

Պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինվորների առաջին խումբը Երուսաղեմ է մեկնելու մայիսի 26-ին՝  ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի ուղեկցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը մայիսի 23-ին  զինվորների հետ հանդիպում էր կազմակերպել ԱԺ-ում՝ քննարկելու կազմակերպչական հարցեր։

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ զինվորի տան հետ Երուսաղեմ մեկնողների առաջին ցանկն արդեն կազմել են։ Տղաները նախ կմեկնեն Թիֆլիս, ապա Երուսաղեմ, որտեղ կհանդիպեն Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանի հետ և կմասնակցեն մի շարք միջոցառումների։

«Երուսաղեմ մեկնողների երկրորդ խմբի ցանկն առաջինից մեծ է լինելու։ Սա, առհասարակ, իր բնույթով ուխտագնացություն է»,–ասաց Քոչարյանը

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ առաջին խմբում «Զինվորի տան» ցուցակով սայլակով տեղաշարժվող զինվորների չեն ընդգրկել, որովհետեւ Երուսաղեմում աստիճանները շատ են։

 

 «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ համատեղ քննարկումների արդյունքում մշակվել էր բարեգործական ծրագիր, որի շրջանակներում 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած զինվորները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ուղեկցությամբ որոշակի պարբերականությամբ կմեկնեն Երուսաղեմ՝ ծանոթանալու Պատրիարքության հարուստ պատմությանն ու գործունեությանը, ինչպես նաև կայցելեն Տերունական սրբավայրեր:

  • Կիսվել: