ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն տարբեր կառույցներ են. Վաղարշակ Հակոբյան
ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն տարբեր կառույցներ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Նա դժվարացավ ասել, թե որքան կտևի ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման գործընթացը՝ նշելով, որ այս որոշումն ունի հստակ հիմքեր։
Միաժամանակ, պատգամավորը նշեց, որ ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունն աճում է, և Հայաստանը շատ ներդաշնակ է աշխատում ԵԱՏՄ գործընկերների հետ։ «Ես շատ բարձր եմ գնահատում այս համագործակցությունը։ Կարծում եմ, որ վերջին 5-6 տարիների ընթացքում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում իր նախագահության ընթացքում, Հայաստանը կարողացել է լավ օգտվել միության հնարավորություններից։ Մենք պետք է շարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- հավելեց Հակոբյանը։
Նա նշեց, որ չի ցանկանում այս համագործակցությունը հակադրել Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին։ «Մենք շարունակելու ենք խորացնել հարաբերությունները ԵԱՏՄ երկրների, ԵՄ երկրների, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ։ Հայաստանը ներկայումս միայն Մաքսային միության անդամ է և որևէ այլ տնտեսական միության անդամ չէ»,- ընդգծեց պատգամավորը՝ վստահեցնելով, որ իշխանությունների արտաքին քաղաքականությունը հիմնված է բացառապես Հայաստանի շահերի վրա։