շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դաշնակցի պես իրենց չեն պահել, տրորել են հայկական շահը. Աբրահամյան

ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դաշնակցի պես իրենց չեն պահել, տրորել են հայկական շահը. Աբրահամյան

Երբ Ադրբեջանը 2021-ին մայիսին եւ նոյեմբերին ներխուժում էր Հայաստանի ինքնիշխան տարածք Գեղարքունիքի եւ Սյունիքի ուղղությամբ, ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ դիմել են ՀԱՊԿ իշխանություններին. առ այսօր մնում է անհայտ, թե արդյոք ՀՀ իշխանությունները պատշաճ ընթացակարգով դիմել են ՀԱՊԿ-ին, արդյոք ՀՀ դիմումը ՀԱՊԿ-ի տարբեր օղակներում քննարկման առարկա է դարձել: Այս մասին, այսօր Բաղրամյան պողոտայում «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, սա կարեւոր է, որովհետեւ Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ է եւ ՀՀ տարածքը 2021-ին 2 անգամ ադրբեջանական ագրեսիայի է ենթարկվել: Առ այս պահը ժողովուրդը չունի պատասխան, թե արդյոք ՀԱՊԿ-ն ստացել է Հայաստանի պատշաճ գրությունը եւ արդյոք դա քննարկման առարկա է դարձել. «Երկրորդը, հաշվի առնելով, որ այսօր Երեւանում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, կա եւս  մեկ կարեւոր հարց. ՀԱՊԿ-ում բազմիցս քննարկվել է, որ անդամ երկրների դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերում  եւ միմյանց վերաբերող հարցերոմ պետք է լինեն ներդաշնակ: 44-օրյա պատերազմից հետո ՀԱՊԿ որոշ անդամ երկրներ դիրքորոշումներ են արտահայտել, որոնք որեւէ ձեւով չի տեղավորվում դաշնակից պետությունների դիրքորոշումների հետ: Նման հայտարարությունները, որոնք տրորում են հայկական շահը չպետք է տեղ գտնեն ՀԱՊԿ ձեւաչափում: Այսպիսի հարցերը պետք է դառնան այսպիսի միջոցառումների քննարկման առարկա:

Այս իշխանությունը մինչեւ հիմա պատասխան չի տվել, թե ինչպիսին է տեսնում Հայաստանի շահերի ընդգրկումը այս կազմակերպությունում եւ ինչպես պետք է շարժվի Հայաստանը: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ն Հարավային Կովկասում որպես ռազմաքաղաքական դաշինքը ՀՀ-ի համար այլընտրանք չունի: Այլ բան է, որ պետք է հասկանանք, թե ինչպես պետք է արդյունավետ դարձնել ՀԱՊԿ մեխանիզմները»,-ասաց պատգմավորը:

Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանն այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին. «Պատկերացրեք մի իրավիճակ, որ Հայաստանը հնարավորություն ուներ ՀԱՊԿ-ի միջամտության եւ ՀՀ սահմաններին նրանց ներկայության պայմաններում մեր մարտունակ կորպուսները ուղղել գլխավոր ճակատ: Մենք ունեինք զորամիավորումներ, որոնք Հայաստանի սահմանների տարբեր ուղղություններով տեղակայված էին, որտեղ մարտական ուղղություններ չէին ընթանում, սակայն իրենց ամբողջ ներուժը կիրառելու հնարավորություն չունեին: Եթե այդ զորամիավորումներն ուղղեին Արցախ, մենք չէինք ունենա այն իրավիճակը, ինչ ունենք այսօր Արցախում: Իհարկե, ՀԱՊԿ-ի հետ կապված ասելիքն ու անելիքները շատ են, բայց հասկանալի է, որ այս իշխանության օրոք Հայաստանի շհը չի կարող  ներկայացված լինել: Մենք մեր դաշնակիցների հետ կարող էինք արդյունավետ աշխատել միայն մեկ դեպքում, եթե Հայաստանը լինի առանց Նիկոլի»,-ամփոփեց Տիգրան Աբրահամյանը:

  • Կիսվել: