հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հանրային պահանջ» ձևակերպման տակ հնարավոր է իրականացնել ցանկացած անարխիա. ԲՀԿ խմբակցություն

«Հանրային պահանջ» ձևակերպման տակ հնարավոր է իրականացնել ցանկացած անարխիա. ԲՀԿ խմբակցություն

Արդյո՞ք սա է նոր Հայաստանը և արդյո՞ք սրան էինք ձգտում. ինձ համար մի փոքր տարակուսելի էր և կարծում եմ, որ բացառապես իրավական հարթության մեջ պետք է բոլոր գործողություններն իրականացվեն, անկախ նրանից, թե ում դեմ են իրականացվում: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Տոնոյանը տարօրինակ է համարում «Վետօ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին և Արթուր Դանիելյանին ու «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու գործողությունները: Անդրադառնալով երեկվա ձերբակալություններին՝ նա նշեց․

«Շատ տարօրինակ էր «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամի հայտարարությունը, թե դա հանրային պահանջ էր, որովհետև հանրային պահանջ ձևակերպման տակ հնարավոր է իրականացնել ցանկացած անարխիա։ Կարծում եմ նաև, որ նյուանսներին ոստիկանության համապարփակ անդրադարձի անհրաժեշտություն կա»։

Խմբակցության անդամ Արման Աբովյանն էլ նշեց, թե խորքային եզրակացություններ անելու համար առայժմ վաղ է, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ընդգծել շատ կարևոր մի պահ, որ յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում է ՀՀ քաղաքացու հանդեպ, պետք է հազար տոկոսով հիմնավորված լինի:

«Երեկվա շարունակական իրադարձությունները բերեցին նրան, որ հանրությունը սկսեց բավականին լուրջ հարցադրումներ առաջ բերել իշխանությունների համար»,- ասաց նա։

  • Կիսվել: