ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հանրային խորհուրդը նոր հասցե կունենա․ խորհուրդը նաև ներկայացուցիչներ կունենա մարզերում

Հանրային խորհուրդը նոր հասցե կունենա․ խորհուրդը նաև ներկայացուցիչներ կունենա մարզերում

Հանրային խորհուրդը մի քանի կազմակերպական խնդիրներ ունի, որոնք պետք է շուտափույթ լուծում ստանան, առաջին հարցը Հանրային խորհրդի գտնվելու վայրն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

Նրա փոխանցմամբ՝ ներկայիս վայրը ժամանակավոր է: 

«Մեր պատկերացումներն այնպիսին են, որ այն հասանելի լինի հանրությանը, լավագույն լուծումներն առաջարկվի հանձնաժողովների աշխատանքի համար: Անհրաժեշտ է ունենալ դահլիճ, որովհետև որոշ հանձնաժողովներում անդամների քանակը մոտ է 160-ի է հասնում»,-ասաց նա:

Հանրային խորհուրդը նախատեսում է նաև ներկայացուցիչներ ունենալ մարզերում: Հանձնաժողովները կունենան արտագնա նիստեր:

Հետագա գործունեության համար Հանրային խորհուրդն անհրաժեշտ է համարում իր լիազորությունների իրացման գործիքների հստակեցումը: Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ օրենքը տալիս է մի շարք իրավասություններ հանրային կարծիքի ուսումնասիրություններ, փորձաքննություններ անելու համար, սակայն չի նշվում, թե ինչպես և ինչ միջոցներով, ինչ հաճախականությամբ:

«Վարչապետից ժամանակ եմ խնդրել, որ մեր կողմից պատրաստվի փաթեթ այն մասին, թե մենք ինչպես ենք դա պատկերացնում: Առաջիկայում հանդիպում կունենամ վարչապետի հետ այս խնդիրները քննարկելու համար»,-ասաց նա:

Հաջորդ անելիքը ծրագրերի, օրակարգային հարցերի հստակեցումն է: Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ներկայում բազմաթիվ գործընկերների հետ հանդիպումներ է սկսել օրակարգային հարցերը հստակեցնելու համար: Առաջիկայում Հանրային խորհուրդը կունենա նիստ և այդ հարցերին անդրադարձ կկատարվի: Խորհրդի նախագահը նշեց, որ այստեղ ևս փոփոխությունների անհրաժեշտություն կա, որովհետև նիստերի մշտական օրեր նախատեսված են չեն: Ըստ նրա՝ նախընտրելի է, որ նիստերի կոնկրետ օրեր նշանակվեն:  

  • Կիսվել: