ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանրաքվեն էական մարտահրավերներ է ծնում մեր ազգային անվտանգության համար. «Սասնա ծռեր»

Հանրաքվեն էական մարտահրավերներ է ծնում մեր ազգային անվտանգության համար. «Սասնա ծռեր»

Ապրիլի 5-ի հանրաքվեն էական մարտահրավերներ է ծնում մեր ազգային անվտանգության համար: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Նախ՝ երկրում կորոնավիրուսի համաճարակի վտանգի պայմաններում հանրաքվե անցկացնելը հավասարազոր է գիտակցաբար համաճարակ առաջացնելու գործողության: Հայաստանի քաղպաշտպանության եւ առողջապահության համակարգերի անմխիթար վիճակի պայմաններում նման համաճարակը կարող է վերածվել ազգային աղետի:

Բացի այդ՝ կեղծ ու ապօրինի սահմանադրության ընդամենը մեկ հոդվածի փոփոխությամբ ապօրինի սահմանադրական դատարանի՝ նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչ անդամներին հեռացնելու նպատակ հետապնդող այս հանրաքվեն խորապես վիրավորում է մեր ազգային, քաղաքացիական ու մարդկային արժանապատվությունը եւ վտանգում է մեր ապագան:

Այն ստիպում է մեզ ընտրություն կատարել վատի եւ վատթարի միջեւ, առաջարկում է անցնել ապազգային ու հանցավոր կառավարման համակարգի թրի տակով, ինչն ըստ էության ոտնահարում է մեր կամքի ազատությունը եւ զրկում է մեզ իրական ընտրության հնարավորությունից, ինչպես նաեւ մեր ձեռքով զուգահեռաբար լեգիտիմացնում է կեղծ ու ապօրինի սահմանադրությունը եւ արդարացնում է տասնամյակների թալանն ու իրավունքի բռնադատումը:

Պատճառն այն է, որ 2018-ի համաժողովրդական ընդվզմամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հեղափոխություն անելու եւ ազգային համախմբմամբ վատի ու վատթարի միջեւ մահացու երկընտրանքից ազատագրվելու քայլեր կատարելու փոխարեն դարձան նախորդ հանցավոր ռեժիմների իրավահաջորդ եւ մինչ օրս մեզ պահում են մերժված համակարգին, նրա կեղծ ու ապօրինի սահմանադրությանը, օրենքներին, ինստիտուտներին ու պաշտոնյաներին ենթակա կարգավիճակում՝ ստիպելով մնալ չարյաց փոքրագույնի փակուղում:

Իշխանության նման վարքի պարագայում բնավ զարմանալի չէ, որ պետական ինստիտուտները, իշխանության թիմը, ապազգային ու հանցավոր նախորդ ռեժիմների ներկայացուցիչները՝ իրենց սպասարկու ուժերի, շրջանակների եւ լրատվամիջոցների հետ միասին, յուրահատուկ կերպով միավորվել են հանրաքվե կոչվող խաղի մեջ եւ ամեն ինչ անում են, որ ժողովուրդը մասնակցի դրան:

Ստեղծվել է մի իրավիճակ, որ հանրաքվեն, լինելով ուղիղ ժողովրդավարության եւ ժողովրդաիշխանության շատ ընդունելի եւ գերադասելի գործիք, կոնկրետ այս պարագայում առաջացնելու է դրանց հակառակ արդյունք:

Վերոգրյալի հաշվառմամբ գործող իշխանությունից պահանջում ենք արհեստականորեն չստեղծել ազգային անվտանգության նոր մարտահրավերներ, մասնավորապես՝ չվտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, չսահմանափակել ժողովրդի կամքի ազատությունը եւ նրան չներքաշել բացառապես իր պատճառով ձախողման եզրին հասած խնդիրների լուծման մեջ, այլ վերջապես ստանձնել հեղափոխության մանդատով իրեն տրված հանձնարարությունը եւ այդ մանդատի լիազորությամբ.

1)չեղարկել հանրաքվեն եւ լուծել ՍԴ հարցը՝ Ազգային ժողովի որոշմամբ կատարելով ներկայումս հանրաքվեի դրված սահմանադրության նույն հոդվածի փոփոխություն եւ/կամ նշանակելով ՍԴ դատավորներ եւ/կամ կիրառելով այլ տարբերակ,

2)հրաժարվել նախորդ հանցավոր ռեժիմների իրավահաջորդությունից, Ազգային ժողովի որոշմամբ իրավաքաղաքական գնահատական տալ նրանց գործունեությանը եւ ճանաչել պետության զավթման եւ իշխանության յուրացման փաստը,

3)հիմք ընդունելով իրավաքաղաքական գնահատականը՝ կազմակերպել անցումային արդարադատություն, այդ թվում.

- քրեական արդարադատություն (Հայկական Նյուրնբերգ), դրա շրջանակներում պատասխանատվության կանչելով նաեւ որպես պետության զավթման եւ իշխանության յուրացման գործիք ծառայած ՍԴ անդամներին,

- լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական եւ գործակալական, այդ թվում արգելելով նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեությունը եւ դրանց պարագլուխների հանրային գործունեությունը,

4)ոչ առկա կեղծ ու ապօրինի սահմանադրությանը համապատասխան, այլ իշխանության աղբյուր ժողովրդի իրավունքի ուժով եւ միջազգային փորձի տեղայնացմամբ մինչեւ տարեվերջ կազմակերպել համաժողովրդական մասնակցությամբ նոր Սահմանադրության մշակման եւ հանրաքվեի գործընթաց:

  • Կիսվել: