երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տվող նախագիծն ընդունվեց ամբողջությամբ

Հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տվող նախագիծն ընդունվեց ամբողջությամբ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել հանրաքվեն:

Նախագիծն ընդունվեց 82 «կողմ» և 17 «դեմ» ձայներով:

Այն հնարավորություն է տալիս արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում հետաձգված հանրաքվեն չեղարկել։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտնել են, որ օրենքի նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց:

Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով:

  • Կիսվել: