երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Նույն տրամաբանությամբ՝ ԱԺ-ն կարող է քվեարկել ու չեղարկել հունիս ամիսը կամ Նոր տարին. Նաիրա Զոհրաբյան

Նույն տրամաբանությամբ՝ ԱԺ-ն կարող է քվեարկել ու չեղարկել հունիս ամիսը կամ Նոր տարին. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովն այսօր քվեարկության դրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

ԱԺ-ում ներկայացնելով նախագիծը՝ Վահագն Հովակիմյանը նշել էր, որ այն կարգավորում է արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում հետաձգված հանրաքվեի վերսկսման կարգը։

Ըստ նրա, այս նախագծով նաև նախատեսվում է, որ խորհրդարանի կողմից արդեն իսկ նշանակված հանրաքվեն կարող է չեղարկվել, որը կարող է տեղի ունենալ բացառապես արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց, ուստի խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։

Նա նաև կոչ արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերներին՝ չմասնակցել քվեարկությանը։

Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց։

Ընդմիջումից հետո նախագիծը դրվեց քվերարկության, որին կողմ քվեարկեց 83, դեմ՝ 16 պատգամավոր։

Նշենք, որ նախագծին կողմ քվեարկեցին միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։

Քվեարկությունից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խորհրդարանը քիչ առաջ կողմ քվերարկեց հակասահմանադրական օրենքի։

«Սահմանադրոթյան 208-րդ հոդվածում հանրաքվեի մասով միայն մեկ դրույթ կա՝ հանրաքվեն հետաձգելու, հանրաքվեն չեղարկելու դրույթ չկա, նույն տրամաբանությամբ ԱԺ-ն կարող է քվեարկել և չեղարկել, օրինակ, հունիս ամիսը, կամ, ասենք, Նոր տարին: Այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն, հայտնելով հստակ դիրքորոշում, քվերակել է դեմ, այդ տրամաբանությամբ եկեք չեղարկենք հունիս ամիսը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Տիկի՛ն Զոհրաբյան, սպասում ենք Ձեր հեղինակած նախագծին»։

Վարման կարգով ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նշեց, որ բոլոր օրենքները պետք է միտված լինեն ծառայելու ՀՀ քաղաքացուն ու նրանց անվտանգությանը, այս նախագիծը նրա մասին է, որ համավարակով պայմանավորված՝ հնարավոր չէր պարզապես անցկացնել հանրաքվե և վտանգել քաղաքացիների կյանքը, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել չեղարկել հանրաքվեն:

«Եթե ընդդիմությունն ունի մտավախություն, որ այս օրենքից հետո մենք գործող ՍԴ-ն համապատասխանեցնելու ենք 2015 թվականի Սահամանդրությանը, ապա պետք է ասեմ, որ այո, մենք դա անելու ենք»,- հայտարարեց Լիլիթ Մակունցը։

Նշենք, որ նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում կքննարկվի հատուկ 24-ժամյա ռեժիմով:

  • Կիսվել: