ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համոզված եմ, որ պարոն Փաշինյանն ինձնից կաշկանդվածություն չի ակնկալելու. Աննա Վարդապետյան

Համոզված եմ, որ պարոն Փաշինյանն ինձնից կաշկանդվածություն չի ակնկալելու. Աննա Վարդապետյան

Այսօր ԱԺ-ում ՔՊ-ի կողմից գլխավոր դատախազի թեկնածու առաջադրված Աննա Վարդապետյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի օգնականը լինելու հանգամանքը չի՞ կաշկանդելու հետագայում իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելիս:

Ի պատասխան՝ Վարդապետյանը նշեց, որ երբ 2020-ին աշխատանքի է անցել վարչապետի օգնականի պաշտոնում, ինքը Նիկոլ Փաշինյանին հարցրել է, թե ո՞րն է վարչապետի ակնկալիքն իրենից, ստացել է պատասխան՝ այլընտրանքային կարծիքը, եթե անգամ այդ կարծիքն իրեն դուր չգա:

՛՛Ես համոզված եմ, որ պարոն Փաշինյանն ինձնից կաշկանդվածություն չի ակնկալելու, վերջին տարիների մեր աշխատանքը դա է ցույց տալիս՛՛,-ասաց Վարդապետյանը՝ անդրադառնալով նրան, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները դիմել են գլխավոր դատախազին, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ճանաչեն, ինքը կաշկանդվածություն չի՞ ունենա այդ հարցում որոշում կայացնելիս:

Գլխավոր դատախազի թեկնածուն խոսեց նաեւ այն մասին, որ ծնողները պահանջում են այդ գործը ՔԿ-ից տեղափոխել ԱԱԾ: Այս առնչությամբ նա ասաց ՛՛Եթե հետեւել եք ընթացքին, գործն ուղարկվել է Քննչական կամիտե՝ ամբողջ ծավալով քննություն իրականացնելու համար: Գործը ԱԱԾ տեղափոխելու դեպքում մենք ունենում ենք լուրջ շահերի բախում: Դուք գիտեք՝ ԱԱԾ-ն իր կառուցվածքով որտեղ է գտնվում, իսկ ՔԿ-ն ինքնավար եւ անկախ մարմին է: ԱԱԾ-ում այդ գործի քննությունը բերելու է բազմաթիվ քաղաքական շահարկումների՛՛:

Վարդապետյանն անդրադարձավ նաեւ իր անձի հետ կապված սկանդալին, երբ պարզվել էր, որ ինքը միջամտել է Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդուն վերաբերող գործի քննությանը:

՛՛Կա վերջնական օրինական ուժի մեջ մտած դատական ակտ. ԱԱԾ-ն, հիմք ընդունելով Ռուբեն Հայրապետյանի փաստաբանի հաղորդումը, նյութեր էր նախապատրաստել, եւ դրա արդյունքում ես իքնս էլ շատ մանրամասն բացատրություն եմ տվել: Նյութերի նախապատրաստման արդյունքում ԱԱԾ քննչական դեպարտամենտը արարքում հանցակազմ չկա:

Ինձ եղել է դիմում մասնագիտական քննարկում իրականացնելու այդ գործի հետ կապված: Ես իրավունք չունեմ բացահայտելու, որովհետեւ մասնագիտական քննարկումը նախաքննական գաղտնիքով է սահմանափակված եղել: Տարիներ շարունակ լինելով ԵՊՀ դասախոս, եթե մարդիկ ունենում են իրավական հարցի շուրջ մասնագիտական քննարկման անհրաժեշտություն, ես սիրով իմ մասնագիտական կարծիքը ասում եմ: Այդ կարծիքը որեւէ մեկի համար պարտադիր չէ եւ չի կարող լինել: Կա նաեւ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված վերջնական դատական ակտ՛՛,-նշեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

  • Կիսվել: