չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Համաճարակաբանական շղթան հայտնաբերելու տեսանկյունից կառավարության նախագիծը զրոյական էֆեկտ ունի․ «Իմ քայլի» պատգամավոր

Համաճարակաբանական շղթան հայտնաբերելու տեսանկյունից կառավարության նախագիծը զրոյական էֆեկտ ունի․ «Իմ քայլի» պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը կարևորում է կորոնավիրուսով վարակակիրների շղթայի բացահայտմանն ուղղված ցանկացած միջոցառում, սակայն կառավարության ներկայացրած նախագիծը նրա կարծիքով, այդ հարցում կտա զրո արդյունք։

«Պարոն Բադասյան, ինձ համար այդպես էլ պարզ չեղավ, թե ինչ արդյունք է տալու հեռախոսազանգի ժամը ֆիքսելը վարակակրին հայտնաբերելու համար։ Կոնտակտավոր կարող է լինել ցանկացած անձ, որը գտնվել է նրա կողքին՝ խանութում, կանգառում, փողոցում քայլելիս և այլն։ Օրինակ, ես օրական խոսում եմ 30-40 անձի հետ, բայց ես նրանց հետ հանդիպում չունենամ, որքանո՞վ է սա նպաստելու կոնտակտավորի հայտնաբերմանը», -ԱԺ ամբիոնից կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ հարցեր բարձրացրեց Նարեկ Զեյնալյանը։

Նրան մեկ այլ հարց էր հետաքրքրում՝ արդյոք այս նախագծի մշակման ժամանակ որևէ համաճարականաբնի հետ քննարկում ունեցել են, քանի որ նրա կարծիքով, այս նախագիծը չի նպաստում վարակակիրների հայտնաբերման գործընթացի իրականացմանը։

«Կիրառության մեջ վարակակրի հայտնաբերումն այսպես է՝ եթե հայտնաբերել ենք վարակակիր, ապա 14 օր հետ ենք գնում ու վերլուծում ենք՝ այդ օրերի ընթացքում ում հետ է նա կոնտակտ ունեցել։ Էպիդեմիոլոգիական շղթան հայտնաբերելու տեսանկյունից սա զրոյական էֆեկտ ունի։ Եթե մեկ օրից ավելի է անցնում կոնտակտավորին հայտնաբերելը, բացարձակ որևէ էֆեկտ չունեն այդ միջոցառումները», հայտարարեց Զեյնալյանը։

Հիշեցնենք՝ կառավարությունը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկում է նոր մեխանիզմների ներդրմամբ հավաքագրել հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները՝ վարակակրի ու կոնտակտավորների հնարավոր կապի վերաբերյալ համաճարակաբանական հետաքննություն իրականացնելու համար։ Նախագծերի փաթեթը ներկայացնելիս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել էր, որ հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու։

  • Կիսվել: