Համաձայն չենք Ադրբեջանի նախագահի ձևակերպման հետ, թե հայտարարության բոլոր կերտերը կատարվել են, առկա է գերիների խնդիր. Փաշինյան
Համաձայն չեմ Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, թե եռակողմ հայտարարության բոլոր կետերն արդեն իսկ կատարված են։ Այս մասին այսօր Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ ԱԼիևի հետ եռակողմ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցը դեռ լուծված չէ։
«Ակնհայտ է, որ ՌԴ–ն ու ռուս խաղաղապահներն առանցքային դերակատարություն ունեն` ԼՂ–ում խաղաղության ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում։ Բայց պետք է նշեմ, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կցանկանայինք: Համաձայն չեմ Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, թե եռակողմ հայտարարության բոլոր կետերն արդեն իսկ կատարված են:
Դուք արդեն գիտեք, մենք դա ձեզ հետ բազմիցս քննարկել ենք` թե՛ առերես, թե՛ հեռախոսային զրույցներում, որ առկա է նաև գերիների, ռազմագերիների ու ապօրինի պահվող անձանց խնդիրը:Սա շատ կարևոր հումանիտար խնդիր է: Մենք այսօր այստեղ ենք ոչ միայն բարձրաձայնելու առկա խնդիրները, այլ նաև դրանց լուծումների մասին խոսելու նպատակով»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ անցյալ տարի նոյեմբերից հետո տասնյակ մարդիկ են զոհվել` երկու կողմերից էլ։
Փաշինյանն ընդգծեց, որ միջադեպեր են տեղի ունենում ինչպես ԼՂ–ում, այնպես էլ ՀՀ սահմաններին։
Նա հավելեց՝ ԼՂ հիմնահարցի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։