երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հակամարտությունը կարող է լուծվել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում. 7 ուժեր առաջարկում են համախմբվել

Հակամարտությունը կարող է լուծվել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում. 7 ուժեր առաջարկում են համախմբվել

7 քաղաքական ուժեր համատեղ հայտարարություն են տարածել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի հետ կապված, և միաժամանակ կոչ արել բոլոր քաղաքական ուժերին համախմբվել պետականությանը նետված մարտահրավերը հաղթահարելու համար:

 

«Նոյեմբերի 9-ի ապօրինի, միջազգային իրավունքի հիմնադրույթներին հակասող՝ բռնի ուժի կիրառմամբ և պատերազմի սպառնալիքով պարտադրված եռակողմ հայտարարությունը Հայաստանի պետականությանը և  միջազգային հանրությանը նետված մարտահրավեր է:
Այս հարցում 28 տարվա մեջ առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների մոտեցումների մեջ կան առանցքային տարբերություններ. ուղիղ 100 տարի անց կրկին բախվել են ռուս-թուրքական և արևմտյան քաղաքակրթական պատկերացումները, տարածաշրջանային շահերը և տեսլականները:

Ըստ այսմ, ողջունելով Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի ընդունված բանաձևերը, ինչպես նաև այլ երկրների նույնաբովանդակ հայտարարությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան և ֆրանսիական համանախագահների տարածաշրջանային այցը, հայտարարում ենք.

1. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ամենևին չի նշանակում «Ղարաբաղյան կոնֆլիկտ հասկացության վերացում». Արցախյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

2. Հայաստանի պետությունը Ադրբեջանի հետ համակեցությունը կարող է հիմնել միայն արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա:

3. Հայաստանի պետությունը պարտավոր է, օգտագործելով ԱՄՆ, Եվրամիության և մասնավորապես Ֆրանսիայի աջակցությունը, կառուցել անվտանգության նոր համակարգ և դրա շնորհիվ հասնել Արցախի Հանրապետության ճանաչման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման:

4. Քանի որ պատերազմ տանուլ տված և կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած Կառավարությունն անզոր է հանդես գալ արժանապատվության և իրավունքի դիրքերից, պետք է րոպե առաջ հասնել ժողովրդին երկրի տերը դարձնող Սահմանադրության ընդունմանը և դրան համապատասխանեցված ընտրական օրնեսգրքով նոր իշխանությունների ձևավորմանը: 

5. Նպատակ ունենալով խափանել տարածաշրջանի ռուս-թուրքական բաժանման նոր գործընթացը և մերժելով նախորդ դրածո ռեժիմի սպասարկուների հավակնությունները՝  կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին համախմբվել պետականությանը նետված մարտահրավերը հաղթահարելու:

Միայն իմաստնության, լրջության, ազնվության և նորացվող աշխարհի տրամաբանությանը համահունչ քաղաքականության դեպքում Հայաստանը կարող է դառնալ այդ աշխարհի առաջամարտիկներից:

ՀԱՅԿ  ԳՐԻԳՈՐՅԱՆ /«Ազգային առաջընթաց» կուսակցություն,
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ  /«Ազգային ինքնորոշում» միավորում,
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն,
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն,
ԳԱՌՆԻԿ  ՄԱՐԳԱՐՅԱՆ  /«Հայրենիք և պատիվ» կուսակցություն,
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ  /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն,
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն»,-նշված է հայտարարությունում:

  • Կիսվել: