ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հակամարտությունը չի կարող լուծվել պատերազմի միջոցով. Ճապոնիայի դեսպանը՝ արցախյան հիմնախնդրի մասին

Հակամարտությունը չի կարող լուծվել պատերազմի միջոցով. Ճապոնիայի դեսպանը՝ արցախյան հիմնախնդրի մասին

Ճապոնիայի կառավարությունը դեմ է պատերազմներին, ռազմական ուժի միջոցով միջազգային վեճերի կարգավորմանը: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին:

"Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած պատերազմի մասին Ճապոնիան իր խորին անհանգստությունն ու ցավակցությունն է հայտնել Հայաստանին: Այս պատերազմն ու հակամարտությունը ունեն խոր արմատներ: Սակայն այդպիսի հակամարտությունը չի կարող լուծվել պատերազմի միջոցով, պետք է փնտրել խաղաղ ուղիներ: Ճապոնիայի անունից կարող եմ ասել, որ պատերազմն անընդունելի է",- 1lurer.am-ի հետ հարցազրույցում ասել է դեսպանը։:

Ի դեպ, սպառնալիքի և ռազմական ուժի միջոցով միջազգային վեճերի կարգավորման անթույլատրելիության սկզբունքն ամրագրված է նաև Ճապոնիայի Սահմանադրության մեջ։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին խոսելիս դեսպանը անդրադարձավ Նագասակիի և Հիրոշիմայի ողբերգական դրվագներին, շեշտեց՝ Ճապոնիան լավ գիտի պատերազմի թողած ազդեցությունն ու հետևանքները:
 
"Ճապոնիան շատ լավ գիտի՝ ինչ է պատերազմը, մենք զգացել ենք ատոմային ռումբի ուժը, պատերազմի հասցրած վնասներն ու ցավը Ճապոնիան շատ լավ է հասկանում",- նշեց նա:

Մայիսի 12-ից մինչև օրս Ադրբեջանի զորքերի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման և սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմից իրավիճակի էսկալացիայի տանող սադրանքների վերաբերյալ դեսպանն իր անձնական դիրքորոշումը հայտնեց․

"Այս պահին կառավարության անունից մեկնաբանություն անել չեմ կարող, բայց որպես անձնական դիրքորոշում՝ դա ինձ համար անընդունելի է":

Անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելը՝ հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց վերադարձնելը, շինծու դատավարությունները, Ճապոնիայի դեսպանը նշեց՝ պետք է հետևել միջազգային կանոնադրությանը և մարդու միջազգային իրավունքներին:

  • Կիսվել: