երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հաջողության հասնելու գրավականը նման բիզնես մշակույթի ձևավորումն ու զարգացումն է. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

Հաջողության հասնելու գրավականը նման բիզնես մշակույթի ձևավորումն ու զարգացումն է. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, նախարարության Պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանի ուղեկցությամբ, այցելել է «Բարի Կաթնամթերք» ՍՊԸ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը։
 
Ընկերության ղեկավարության և մասնագետների հետ Արման Խոջոյանը շրջել է կաթնամթերքի արտադրամասի տարածքով, հետևել արտադրական ընթացքին։ Փոխնախարարին են ներկայացվել ընկերության լաբորատորիաները, սառնարանային սենյակները, վերջերս ձեռք բերված ժամանակակից սարքավորումները։ Զրույց է ծավալվել ընկերության ներկայիս գործունեության, առաջիկա ծրագրերի և խնդիրների մասին։
 
«Բարի Կաթնամթերք» ընկերությունը 2020 թվականին մուտք է գործել հայկական շուկա իր նոր կաթնամթերքի տեսականիով։ Կաթնամթերքի արտադրության համար օգտագործվում է էկոլոգիապես մաքուր, անարատ կաթը։ Ընկերությունում, որն այժմ ունի 40-ից ավել աշխատակիցներ, չափազանց կարևորում են սպառողի համար բնական հումքից պատրաստված, սննդարար և օգտակար արտադրանքի թողարկումը։
 
Ընկերությունը նախատեսում է առաջիկայում մեկնարկել նաև պանրի արտադրություն, մտադրություն կա արտադրել շուրջ 22 տեսակի պանիր։ Պանրի արտադրամասի գործարկումից հետո ընկերությունը կհամալրվի ևս 30 աշխատակիցներով։
 
«Ինձ համար շատ կարևոր է տեսնել, որ ոչ միայն ներդրվում են նոր՝ ժամանակակից և առաջադեմ սարքավորումներ ու տեխնոլոգիաներ, այլև որ կիրառվում են սննդի անվտանգության միջազգայնորեն ճանաչված ստանդարտներ։ Մենք պետք է միասին հասնենք բարձրորակ արտադրանքի, և անհրաժեշտ է, որ բոլորը գիտակցեն, թե որքան կարևոր է ունենալ բարձրորակ արտադրանք․ թե՛ ֆերմերները, որ մատակարարեն որակյալ կաթ, և թե՛ վերամշակողները, որ կարողանան օգտագործել որակյալ հումք և արտադրել որակյալ արտադրանք։

Ոգևորող է տեսնել, որ 2020 թվականին հիմնվել է կաթի վերամշակման գործարան, որտեղ ներդվել են համաշխարհային առաջատար կազմակերպությունների տեխնոլոգիաները, միևնույն ժամանակ հատկանշական է, որ հաջողության հասնելու գրավականը նման բիզնես մշակույթի ձևավորումն ու զարգացումն է», - ասել է Արման Խոջոյանը։ Փոխնախարարը հիշեցրել է նաև գործող պետական օժանդակության ծրագրերի մասին, մանրամասնել դրանց պայմանները և օգտվելու հնարավորությունները։
 
«Բարի Կաթնամթերք» ՍՊԸ-ն աշխատում է գյուղացիների և ֆերմերային տնտեսությունների հետ և մթերում է մոտ 115,0 հազար լիտր կաթ` աջակցելով գյուղացուն և խթանելով գյուղատնտեսությունը։ Ընկերությունը ներկայումս օգտագործում է իր արտադրական հզորությունների 25%-ը։ Հաշվի առնելով կաթնամթերքի արտադրանքի նկատմամբ կայուն պահանջարկը` ընկերությունը պլանավորում է ավելացնել արտադրանքի ծավալներն ու տեսականին։

 

  • Կիսվել: