հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն. «Ժողովուրդ»

Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում կայանալիք ընտրություններով գյումրեցիները քաղաքապետ չեն կարողանալու ընտրել: Դեռ երկար ժամանակ քաղաքը կմնա անտեր, ինչպես Վանաձորը, քանի որ մրցակցությունը մեծ է, և չկա թեկնածու, որը մեծամասնություն կհավաքի կամ կոալիցիա կազմելու շանս ունի այս պահին:

Գյումրի քաղաքի ավագանու ընտրությունները խոստանում են լինել հետաքրքիր, բայց և լարված: Ինչպես հայտնի է, արդեն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է հայտարարել իր առաջադրման մասին: Նաև ՔՊ-ի կողմից քաղաքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանն է լինելու ՔՊ ընտրացուցակի առաջին համարը: ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ առաջնորդելու է «Հայրենիք» կուսակցության ընտրացուցակը: Անդրանիկ Թևանյանի, Սուրեն Սուրենյանցի ուժերն են հայտարարել մասնակցության մասին: Երեկ էլ հայտնի դարձավ, որ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է որոշել մտնել ընտրապայքարի մեջ` հետաքրքիր թիմակիցներով:

Այսպիսով՝ դեռ այս պատկերն է տվյալ պահի դրությամբ, որը կարող է փոխվել, քանի որ առաջադրման մտադրություններ ունեն շատերը, բայց չգիտեն՝ ում հետ, ինչպես:

Իսկ ինչ է մտածում իշխանությունը: Քանի որ ՔՊ ներսում լարված վիճակ է, Սարիկ Մինասյանի դեմ աշխատում է Գյումրու կուսակցականների մի թև, մարզային իշխանությունը, ուստի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը նախ պետք է ներսում հաղթահարի մրցակցությունը: Թեեւ նրան ասվել է, թե «ամեն ինչ կարվի, հանգիստ», բայց իրականում խնդիրներ կան:

Վարդան Ղուկասյանի հայտվելը լուրջ խնդիր է մասնակիցների համար, քանի որ նա Գյումրիում ունի ռեալ ձայներ: Որքան էլ փորձ է արվում կապել նրան «կրիմինալի» հետ, այնուամենայնիվ, Ղուկասյանը ձայներ ունի: Ձայներ ունի նաև Մարտուն Գրիգորյանը, որը ոխերիմ հարաբերությունների մեջ է Ղուկասյանների հետ: Նրանց թշնամությունը տարիների պատմություն ունի:

Ռուբեն Մխիթարյանը հաջորդն է այս ցուցակում, քանի որ «թարմ մարդ» է քաղաքականության մեջ ու քաղաքային կյանքում: Ինչ կլինի մյուս ուժերի դեպքում, ով ում կմիանա՝ բարդ է ասել:

Ու սա նշանակում է, որ Գյումրին երկար ժամանակ չի ունենա քաղաքապետ, քանի որ դժվար է պատկերացնել, թե նշվածներից ով կմիանա ՔՊ-ին, որը դարձել է «ամոթ» այդ քաղաքում: Միաժամանակ բարդ է ասել, թե իշխանությունը ում վրա ինչ ճնշումներ կբանեցնի` Մամիկոն Ասլանյանի վանաձորյան օրինակով:
Միակ բանը, որ ակնհայտ է, այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է հնարավորինս քրեականացնել այդ ընտրությունները, որ քարոզարշավը տանի այդ ուղղությամբ: «Թե՞ ուզում եք նորից կրակոցներ ու սպանություն լինի, եթե չեք ուզում, ընտրեք ՔՊ-ին». սա է լինելու ՔՊ խաղաթուղթը»։

  • Կիսվել: