չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գուցե մեղավոր ենք, որ ավելի շատ ժամանակ, սեր չենք դրել Գյումրիում. Արմեն Սարգսյան

Գուցե մեղավոր ենք, որ ավելի շատ ժամանակ, սեր չենք դրել Գյումրիում. Արմեն Սարգսյան

Սա քաղաք է, որը հոգի է ունեցել դարերով, այդ հոգին կարծես սառել էր: Մենք էլ զբաղված լինելով նախ անկախության, Ղարաբաղի հարցերով, գուցե մեղավոր ենք, որ ինչ-որ պահ ավելի շատ եռանդ, ժամանակ, սեր չենք դրել Գյումրիում. ես չեմ կարող պատասխանել հարցին, թե ինչու Գյումրին վերակառուցելու համար անհրաժեշտ եղավ 31 տարի: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահն անդարադարձավ նաև բոլոր նրանց, ովքեր ապրել են Հայաստանի հյուսիսում, կորցրել են ամեն ինչ, ապրել են դոմիկներում, անբնական պայմաններում.

«Պատասխանել կարող է մեկը, ով այս բոլոր տարիներին պատասխանատու է եղել, որ պատասխանի: Բայց նաև պատասխանատու է մեր ողջ ժողովուրդը, մենք՝ բոլորս միասին: Իրականում պետք է պատմությունը չմոռանանք, ետ նայենք: 88-ի ողբերգության կողքին կար և Ղարաբաղի ազատության անկախության պայքարը, և մեր ազատագրական շարժումը: Այս բոլորը միացան 91 թվականին, հետագայում եղավ պատերազմ, դժվարություններ, փակված ճանապարհներ, երկիր, որը չուներ բանակ, դրամ, ԿԲ: Իրականում ուներ երիտասարդ կառավարություն, որը պետք է և սովորեր և կառավարեր: Սկիզբը շատ դժվար է եղել»:

 
Նախագահի խոսքով՝ եթե նույնիսկ մարդիկ բնակարան են ստացել, քաղաքը կենդանի չի եղել, քանի որ մարդիկ միայն բնակարանով չեն ապրում, միայն տանը քնելով չեն ապրում, եթե աշխատանք, ուրախություն, հավաքվելու տեղ, մթնոլորտ չկա:
 
 «Ընդհանրապես կարծում եմ, որ մեր ժողովրդի մեջ նոր վերաբերմունք կա մեր սեփական կյանքի, սեփական արժեքների նկատմամբ, հիմա մենք պետք է պատասխանատու լինենք: Պետք է պատասխանատու լինենք, որ կյանքը վերադառնա այս քաղաք: Շենքերը վերակառուցելուց բացի պետք է կյանքը վերադարձնենք»,- ասել է Արմեն Սարգսյանը:

  • Կիսվել: