երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գործ ունենք ուժի կիրառման սպառնալիքի հետ. ինչո՞ւ իշխանությունները չեն դիմում ՄԱԿ ԱԽ

Գործ ունենք ուժի կիրառման սպառնալիքի հետ. ինչո՞ւ իշխանությունները չեն դիմում ՄԱԿ ԱԽ

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանին կպարտադրի "միջանցք" բացել Սյունիքում, միևնույն ժամանակ բազմիցս հայտարարել, որ ադրբեջանցիները վերադառնալու են "պատմական տարածք՝ Զանգեզուր, Երևան և այլն"։ Սա ոչ այլ ինչ է, քան սպառնալիք՝ ուժի կիրառման սպառնալիք, որն արգելված է ՄԱԿ կանոնադրության 2֊րդ հոդվածով (jus cogens սկզբունք)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է "Լուսավոր Հայաստան" խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

"Եթե սրան ավելացնում ենք մարտի 15,16-ից (Մոսկվայի (Կարսի) չարաբաստիկ պայմանագրի կնքման օրեր) նախատեսվող ադրբեջանական զորավարժությունները, որոնք կրկին միջազգային իրավունքի տեսանկյունից ուժի ցուցադրման ակտ են և հետևաբար՝ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ, ապա պատկերն ավելի է հստականում։

Իսկ եթե մի քիչ ավելի ուշադիր ենք լինում տարածաշրջանում և մեր ռազմավարական գործընկերոջ շուրջ կատարվող իրադարձություններին, ապա կանխատեսումներն առաջիկայում լավ բան չեն հուշում՝ հաշվի առնելով մի քանի ամիս առաջ թուրք-ադրբեջանական տանդեմի կատարած միջազգային հանցագործությունները՝ ագրեսիա, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն, վարձկաններ և այլն։

Ի դեպ, նման դեպքերում պետության անվտանգության նկատմամբ ուշադիր պետական իշխանությունները դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։

Եթե անգամ կասկածներ ունեն, որ ինչ-որ մի պետություն վետո կարող է դնել հնարավոր բանաձևի ընդունման ժամանակ, ամեն դեպքում դիմում են՝ խնդիրը հնչեցնելու և հետագայում նույն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի ուժով ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ լեգիտիմացման համար",- գրել է պատգամավորը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: