հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Գործ ունենք ոչ թե սահմանազատման ու սահմանագծման հետ, այլ հայկական հողերի հանձնման ու ընդունման ակտի. քաղաքագետ

Գործ ունենք ոչ թե սահմանազատման ու սահմանագծման հետ, այլ հայկական հողերի հանձնման ու ընդունման ակտի. քաղաքագետ

Իրական սահմանազատում ու սահմանագծում լինում է միայն այն ժամանակ, երբ երկրները հաղթահարած են լինում հիմնարար քաղաքական խնդիրները։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

՛՛Դրանք հաղթահարելուց հետո նրանց միջև գոյանում է բարիդրացիական ֆոն, և այդ ֆոնի պայմաններում նրանք պայմանավորվում են երկուստեք շահերը հաշվի առնելով իրականացնել սահմանազատում ու սահմանագծում։

Իսկ մեր դեպքում Գորիս-Կապան ճանապարհն անցնում է թշնամուն, Հայաստան մտնող միակ ճանապարհն անցնում է թշնամուն, Շուռնուխ ու Կիրանց գյուղերը երկու կես են լինում, Ոսկեպար գյուղը բրդուջի պես երկու կողմից պատվում է Ադրբեջանով, Ներքին Հանդ, Խնածախ, Կուտական, Շորժա գյուղերը հայտնվում են հայաթափման վտանգի տակ, Տիգրանաշենն է հայտնվում թուրքերի կողմից գրավման վտանգի տակ...

Այս ամենը վկայում է այն մասին, որ գործ ունենք ոչ թե սահմանազատման ու սահմանագծման հետ, այլ հայկական հողերի հանձնման ու ընդունման ակտ է տեղի ունենում երկու կողմերի Թալեաթի վաստակների միջև՛՛,-նշեց նա:

Հավաքի մասնակիցներից քաղաքագետ Կարեն Բեքարյանն էլ նշեց, որ այսօր իշխանությունները հանրությանը մատուցվում են մի թեզ, ըստ որի՝ եթե մեր ձայնն ու գլուխը բարձրացնենք, մեր մեջքն ուղղենք, ապա պատժվելու ենք պատերազմով, որն էլ իր հերթին նույնացվում է պարտության հետ:

՛՛Պատերազմի ամենագրգռող, դիմացինին ագրեսիայի դրդող հանգամանքը նրա ախորժակը բավարարելն է։

Ամենօրյա կտրվածքով այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի ախորժակը, հիմա այդ բավարարելու արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան ձգտելու են խաղաղությա՞ն, թե՞ ձգտելու է ավելին պոկելու, մինչև վերջնական ոչնչացում։

Արցախյան հիմնախնդիրը եղել է, կա և մնում է մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և հավաքական իրավունքների պաշտպանությունների խնդիր։

Որ պահին աշխարհը համարեց Արցախի էջը շրջված, բացվելու է Սյունիքի էջը, շրջվի Սյունիքինը, բացվելու է Գեղարքունիքի էջը... Այս ընթացքը կընթանա մինչև լիակատար ոչնչացում։

Պետք է այնպիսի իշխանություն, որը կսահմանի կարմիր գծեր ու երբ այդ գծերը սահմանված լինեն, գործընկերների պակաս չի զգացվի՛՛,-նշեց նա:

Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն էլ հավելեց. ՛՛Մեզ ասում են՝ ձեզ անվտանգություն ենք բերելու, երբ Ներքին Հանդի, Շուռնուխի գլխին տնկած է Ադրբեջանի դրոշը, իսկ Շուռնուխի պատուհանից մեր գերեվարված Արցախն է։

էս մարդկային ողբերգությունների պատասխանն ո՞վ է տալու։

Մեր Շարժումը հենց նրա մասին է, որ մեր երկրում անպատասխանատու մարդ չլինի՛՛։

  • Կիսվել: