երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գորիսի օդանավակայանը կարող է որպես ռեզերվային օդանավակայան օգտագործվել. Գնել Սանոսյան

Գորիսի օդանավակայանը կարող է որպես ռեզերվային օդանավակայան օգտագործվել. Գնել Սանոսյան

Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։
 
Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցի ժամանակ օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ տրված հանձնարարականների մասով ինչ է արդեն արվել։
 
«Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իրականացրել ենք` նախ մեզ մոտ, հետո էլ Քաղավիացիայի կոմիտեում, ինչպես նաև աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք և տեղում ծանոթացել առկա վիճակին, նախանշել անելիքները»,– ասաց նախարարը։
 
Նրա խոսքով` անելիքները վերաբերում են հիմնականում բուն թռիչքուղուն և կից ենթակառուցվածքներին, շենք–շինություններին, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին։ Նախատեսվող աշխատանքները երկու մասի են բաժանվել. նախևառաջ անհրաժեշտ է կարգի բերել թռիչքուղին, համապատասխանեցնել ընդունված չափանիշներին։
«Կապանի օդանավակայանը ռեզերվային, հարակից այլ օդանավակայան չունի, և մենք, լինում է դեպքեր, արդեն 4 նման դեպք ունենք, որ Կապանի չվերթերը կա՛մ չեղարկվում են, կա՛մ դեպք ենք ունեցել, երբ Սյունիքից Երևան է վերադարձել, որովհետև այլ տեղ չունի վայրէջքի անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում»,– նշեց Սանոսյանը։
 
Ըստ նրա` Գորիսի օդանավակայանը կարող է որպես ռեզերվային օդանավակայան օգտագործվել։ Նախարարը հավելեց, որ վարչապետի հանձնարարականն է եղել` փորձել ոչ միայն ունենալ ռեզերվային օդանավակայան, այլև շահագործել որպես օդանավակայան։ Հիմա այդ ուղղությամբ տեխնիկական աշխատանքների, ֆինանսական հաշվարկների փուլում են։ Մոտ օրերս ևս աշխատանքային խումբ է գործուղվելու։

  • Կիսվել: