երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Գիտենք Աննա Հակոբյանի դիրքն անգլերեն պարապելիս, բայց չգիտենք՝ Ադրբեջանի հետ ինչ եք բանակցում․Վարդանյան

Գիտենք Աննա Հակոբյանի դիրքն անգլերեն պարապելիս, բայց չգիտենք՝ Ադրբեջանի հետ ինչ եք բանակցում․Վարդանյան

Ես այս քննարկման ընթացքում հասկացա հետևյալ պարզ միտքը, որը իշխող ուժը մեզ հղեց, ՀՀ-ում կա քաղաքացիների խումբ, ում կամքը պետք է հաշվի առնել և քննարկել, և կա քաղաքացիների խումբ, որոնք անտեսված են և իրենց կամքը որևէ նշանակություն չունի ու չպետք է քննարկել: Այս մասին, այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին:

Նա նկատեց, որ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը այս նախագծին կողմ արտահայտվելը հիմնավորել են մի պատճառաբանությամբ՝ 60 հազար մարդ կողմ է քվեարկել. «Իսկ այ ինչի՞ չի կարելի մյուս 50 հազար մարդու կողմ քվեարկածը քննարկել ԱԺ-ում, դրա բացատրությունը չունեն: Երևի Իլհամ Ալիևը արգելում է Արցախի մասին մտահոգվող քաղաքացիների նախաձեռնությունը քննարկել Ազգային ժողովում։

Մենք հիմա բուռն քննարկում ենք մի հարսանիքի մեր մասնակցությունը, որը չեղարկվել է: Այսինքն իրականացնում ենք բուռն գործունեության իմիտացիա։ Այդ հարսանիքը, որ չեղարկվել է, այդ վատ ընդդիմությունը չի ասում, դա ձեզ ասում են ԵՄ-ից»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը մեջբերեց Եվրոպական խորհրդարանի ամենամեծ խմբակցության փոխնախագահի խոսքը. «Ամենայն հարգանքով, որ տածում եմ հայ ժողովրդի հանդեպ, անհրաժեշտ է հարցերին մոտենալ անկեղծությամբ։ Առաջին բանը, որ պետք է ասել հայերին այն է, որ այսօր Եվրոպայում ընդլայնման գործընթացը կանգ է առել, շատ երկար ժամանակ նոր ընդլայնում տեղի չի ունեցել»:

Այս քննարկումը ինձ մեկ այլ բան էլ հիշեցրեց, ցավոք սրտի։ Մեկ  տարի առաջ մենք այս դահլիճում քննարկում էինք Հռոմի ստատուտին միանալու հարցը։ Մենք էլի բացատրում, որ դա որևէ հայկական շահ չի սպասարկում, որ անհասկանալի է առնվազն, թե ինչ շահ եք սպասարկում դուք և դա մեզ որևէ գետնի վրա օգուտ չի տալիս։ Դուք գալիս էիք և ասում էիք, որ այդ ստատուտը ձեզ պետք է, որ պատժեք Ադրբեջանի ղեկավարին՝ իր իրականացրած հանցագործությունների համար։ Ու հիմա մեկ տարի հետո գիտե՞ք ինչ պարզվեց, Այն նույն ժամանակ, երբ որ այս դահլիճում մեզ համոզում էիք, որ այդ ստատուտն է ձեզ պակաս, որ պատժեք Իլհամ Ալիևին, այդ նույն ժամանակ փակ դռների հետևում Ալիևի հետ պայմանավորվում եք միջազգային դատարաններից հայցերը հետ քաշելու մասին։

Ի՞նչ մնաց այդ ստատուտի քննարկումից մեզ, մնաց վերջնարդյունքը, արդյո՞ք ՀՀ-ն ձերբակալելու է ՌԴ նախագահին, եթե ինքն այցելի Հայաստան, թե չէ: Հայկական շահերի սպասարկում ըստ ՔՊ-ի, բրավո»,- հայտարարեց Քրիստինե Վարդանյանը:

Նա նկատեց, որ ԵՄ-ն կոնցեպտուալ առումով  ասոցացվում է ժողովրդավարության ու թափանցիկության հետ. «Այս թիմը ի՞նչ կապ ունի ընդհանրապես այդ արժեքների հետ։ ԵՄ երկրներում հրաժարականներ են տեղի ունենում: Օրինակ, 2012 թվականին Ֆրանսիայում կանաչների կուսակցության նախարարը հրաժարական է տվել, որովհետև իր պադավատն օգտագործել է, որպեսզի իր քիմմաքրումը վերցնի։ Անգլիայում 2011 թվականին պաշտպանության նախարարը հրաժարական է տվել, որովհետև պաշտոնական այցի ժամանակ իրեն ուղեկցել է ընկերը, ով պաշտոնյա չի եղել: Ֆինլանդիայում 2023 թվականին զարգացման նախարարը հրաժարական է տվել, որովհետև պատահաբար պետական քարտով անձնական իրեր է գնել, այդ թվում նասկի, խառնվել է անմիջապես, գումարը հետ է վերադարձրել, բայց դա իրեն հետ չի պահել հրաժարականից։ Տիգրան Ավինյանի 20,000 դոլարանոց տոմսը հիշեցի։

 

Այս թիմի անդամը թքել է, հղի կնոջը ավտոի տակ են գցել, քանի՞ հրաժարական եք ունեցել»,- հայտարարեց Վարդանյանը:

«ԵՄ-ում մարդիկ գիտեն՝ իրենց ընտրած մարդիկ, ինչի շուրջ, ում հետ են բանակցում և ինչ որոշումներ են կայացնում։ Ի տարբերություն իրենց, մենք գիտենք Նիկոլ Փաշինյանի անհանգույցի ձևը Դավոսում, մենք գիտենք Աննա Հակոբյանի դիրքը, որով անգլերեն է պարապում, բայց մենք չգիտենք Ադրբեջանի հետ ի՞նչ եք վերջը համաձայնեցրել։

 

ԵՄ-ը պաշտոնյաներից ո՞ր մեկը կարող է գնա թշնամական երկրի հետ համաձայնեցնի փաստաթուղթը ու այդպես էլ չհրապարակի։ Չեմ հասկանում, այդ համաձայնեցված կետերից մեկը այն է, որ անպայման Ալիևը պիտի մեզ ասի՞, ինչ եք համաձայնեցրել»:

 

Նա ընդգծեց, որ 2018-ից 2024 թվականներին թվականներին իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության շուրջ 1200 դեպքով հաղորդում է ներկայացվել, բայց ընդամենը 2 ոստիկան է պատժվել:

  • Կիսվել: