կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ղարաբաղի ապագան բավական մշուշոտ է․ Ռոբերտ Քոչարյան

Ղարաբաղի ապագան բավական մշուշոտ է․ Ռոբերտ Քոչարյան

Վերջին անգամ հանրահավաքի հարթակում եմ եղել 2003-ին, նախագահական ընտրություններից մեկ օր առաջ, հետ եմ վարժվել հանրահավաքներում խոսելուց։ Այս մասին «Հայաստան» դաշինքի հանրահավաքին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար։ Ես կարծում էի, թե պետական պաշտոնյա լինելն ինձ համար ավարտված էր, բայց այն վտանգները, որ այսօր կան մեր երկրի առջև, ստիպում են հետ գալ և պայքարել, հակառակը կլինի դասալքություն»,-նշեց նա։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այսօր երկրի առջև երեք խնդիր է ծառացած՝ ՀՀ-ն այսօր անվտանգ չէ, Սյունիքի սահմաններն անվտանգ չեն, ՀՀ-ն սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել երկրի սահմանները, երկրի բնակչության անվտանգությունը, իշխանությունը հետևողականորեն քայքայել է բանակը և այսօր չի անում ոչինչ՝ այն վերականգնելու համար։

ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց նաև, որ Ղարաբաղի ապագան բավական մշուշոտ է, նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունը ենթադրում է, որ 4,5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից։

«Հիմա ձեզանից որևէ մեկը լսե՞լ է այս իշխանավորներից, թե իրենք այդ ուղղությամբ ինչ է անում, արդյո՞ք պատրաստ է այսպիսի սցենարի, պարտության դեմք համարվող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել, հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ ես շարժվում։ Պետք է գա մի իշխանություն, որը կարող է հպարտ բանակցել և հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների»,-հայտարարեց նա։

Վերջինս ընդգծեց, որ պարտությունը չի կարող լինել անհետևանք, հակառակ դեպքում մենք ունենալու ենք մշտապես պարտվող ազգ։ «Այս իշխանությանը պետք է քշել, եթե պատրաստ չեն ինքնակամ հեռանալ»,-ասաց նա։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ 2018-ի ապրիլին ժողովուրդն իշխանության ղեկին է նստեցրել մեկին, որը չգիտի՝ ինչ է պետականությունը, պետական մեքենան ինչպես է աշխատում։ «Այս իշխանությանը մնացել է 42 օր է, վաղը կմնա 41 օր, ուրեմն՝ ամեն օր սոցցանցերի ձեր էջերում հետհաշվարկ արեք, սա պետք է դառնա ամբողջ հանրապետության աճող սպասելիքը»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

  • Կիսվել: