երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետք է մնալ ՀԱՊԿ–ի կազմում, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել. Քոչարյան

Պետք է մնալ ՀԱՊԿ–ի կազմում, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել. Քոչարյան

Անվտանգության հարցերում 3 հիմնական բաղադրիչ կա` ՀՀ զինված ուժերը, ՀԱՊԿ–ը և երկկողմ հարաբերությունները ՌԴ–ի հետ։ ՀԱՊԿ–ի հետ էլ անվտանգային առումով նույնպես պետք չէ հույսեր կապել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` խոսելով ՀՀ անվտանգային հարցերից։

Նրա խոսքով` մեր բանակն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ սահմաններն ու անվտանգությունը. պատերազմից հետո բանակի մարտունակությունը և սպառազինությունը վերականգնելու ուղղությամբ չի արվել գրեթե ոչինչ։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ–ին, ապա Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀԱՊԿ անդամ երկրներն ունեն ավելի ջերմ ու ծավալուն հարաբերություններ։ Ավելին` երկրների ղեկավարների մակարդակով էլ ջերմ հարաբերություններ կան։ Մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ–ը կարող էր արձագանքել մեզ վրա հարձակման դեպքում, միամտություն է։ ՀԱՊԿ–ը լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են և աշխատեց Ղազախստանի պարագայում»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` իհարկե, պետք է մնալ ՀԱՊԿ–ի կազմում, բայց անվտանգության տեսանկյունից այս կառույցի հետ հույսեր չկապել։

  • Կիսվել: