երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գևորգ Պապոյանը նոր կարգավորումներ է առաջարկում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում

Գևորգ Պապոյանը նոր կարգավորումներ է առաջարկում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9-ի նիստում առաջին ընթերցումով քննարկել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է պետական բյուջեի երեք, վեց և ինն ամիսների կատարման նկատմամբ ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների հետ մեկտեղ Ազգային ժողով ներկայացնել այդ ամիսների կատարման վերաբերյալ եզրակացություններ, որոնք կամփոփեն հաշվեքննությունների ընթացքում կազմված ընթացիկ եզրակացությունները:

Նախատեսվում է վերացնել պալատի այն պարտավորությունը, որով յուրաքանչյուր եռամսյակի առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում պալատը պետք է Ազգային ժողով ներկայացնի այդ եռամսյակի ընթացքում Ազգային ժողով ներկայացվելիք ընթացիկ եզրակացությունների նախատեսվող ցանկը:

Նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել Հաշվեքննիչ պալատի, SIGMA Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (OECD) համատեղ նախաձեռնության դիտարկումները, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի փորձագետների իրականացրած վերլուծության արդյունքները:

Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ Կառավարության առաջարկները մեծ մասամբ հեղինակն ընդունել է: Փոխնախարարի խոսքով՝ Կառավարության համար նախաձեռնությունն ընդունելի է՝ առաջին ընթերցումից հետո գործադրի որոշ առաջարկներ քննարկելու պայմանով:

Հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել:

Պատգամավորները մի շարք խնդիրներ են բարձրաձայնել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի հետ կապված, նշել, որ օրենքը պետք է հիմնավոր փոփոխել:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության և Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել աշխատանքային քննարկումներ և շտկել օրենսդրական բացերը:

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

  • Կիսվել: