չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գևորգ Աճեմյանի ավագանու անդամի լիազորությունները կդադարեցվեն

Գևորգ Աճեմյանի ավագանու անդամի լիազորությունները կդադարեցվեն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Աճեմյանի ավագանու անդամի լիազորությունները կդադարեցվեն։ Այս մասին ավագանին որոշում կընդունի առաջիկա նիստին՝ մայիսի 25-ին։

Նշվում է, որ Գևորգ Աճեմյանին մանդատը տրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N26 արձանագրության համաձայն։ Նա մանդատը ստանալու օրվանից չի մասնակցել ավագանու՝ 2020 թվականի դեկտեմբերի 12-ի, 2021 թվականի փետրվարի 9-ի, մարտի 16-ի, ապրիլի 20-ի հերթական նիստերին։

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երևան քաղաքի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, ինչպես նաև Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ավագանու կանոնակարգով սահմանված կարգով պարտավոր է անդամակցել որևէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին, սակայն Երևան քաղաքի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանը չի անդամակցել որևէ մշտական հանձնաժողովի, հետևաբար չի մասնակցել որևիցե հանձնաժողովի նիստի, իսկ Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»։

Հիշեցնենք, որ երբ Աճեմյանը վերցնում էր մանդատը՝ նա լքել է խմբակցությունը՝ նշելով․ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերցնում եմ մանդատը և դուրս գալիս «Իմ Քայլը» խմբակցությունից։

Տեղեկացնեմ նաև, որ առաջին իսկ հարցը, որով զբաղվելու եմ, ոչ լեգիտիմ քաղաքապետի հրաժարականն է լինելու, ով երբևէ չի էլ եղել լեգիտիմ։ Փաստացի, մենք ունեցել ենք վարչապետ Փաշինյան ու քաղաքապետ Փաշինյան։ Իսկ այս ազգադավ, պետական դավաճանին օր առաջ պետք է ոչ միայն հեռացնել իշխանությունից իր տերերով հանդերձ, այլ նաև պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ՝ առանց մեղմացուցիչ հանգամանքների»։

Հիշեցնենք նաև, որ 2018 թվականի հուլիսի 17-ին էլ նա հրաժարական է ներկայացրել Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից:

  • Կիսվել: